211652_close_icon
views-count3761 դիտում article-date 16:20 25-05-2016

Առաջնագծում զոհված Սարգիս Խալաֆյանի, Հրաչյա Մուրադյանի և Մանվել Գևորգյանի ընտանիքներին Երևանում բնակարաններ են հատկացվել

Երևանի ավագանու մայիսի 25-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող երեք բնակարաններ անհատույց սեփականության իրավունքով օտարել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երևանաբնակ երեք զինծառայողների ընտանիքներին: Ըստ այդմ, առաջնագծում զոհված 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի` 4 անձից բաղկացած ընտանիքին Քանաքեռ 14-րդ փողոցի 40 շենքում Երևանի ավագանու որոշմամբ հատկացվել է 85.16 քմ մակերեսով բնակարան: Ավագանու մեկ այլ որոշումով առաջնագծում զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի ընտանիքին՝ կնոջն ու անչափահաս երեք երեխաներին, Քանաքեռ 14-րդ փողոցի 38/1 շենքում հատկացվել է 85.16 քմ մակերեսով բնակարան: Առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Մանվել Գևորգյանի` 3 անձից բաղկացած ընտանիքին էլ Երևանի ավագանու որոշմամբ Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի հ.10 շենքում հատկացվել է 60.63 քմ մակերեսով բնակարան: Շնորհակալություն հայտնելով ավագանու անդամներին՝ վերոնշյալ որոշումների նախագծերին հավանություն տալու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ ապրիլի սկզբին առաջնագծում վիրավորված և զոհված երևանաբնակ բոլոր զինծառայողների ընտանիքները շարունակելու են մնալ Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում:

Նմանատիպ նյութեր