211652_close_icon
views-count2484 դիտում article-date 16:28 28-05-2016

Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդի շնորհավորանքը՝ Հանրապետության տոնի առթիվ

Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի շնորհավորական ուղերձումասված է. «Սիրելի հայրենակիցներ, Մեր աստվածասեր ժողովրդի պատմությունն առլեցուն է հերոսական անցյալի ու գոտեվորող ներկայի անուրանալի դրվագներով, ինչն ինքնին վկայությունն է հայոց ոգու անկորնչելիության: Այս մասին տասնամյակներ ու հարյուրամյակներ շարունակ խոսվել է առաջներում ու պիտի խոսվի գալիքի մեջ: Իսկ անցյալն ու ապագան իրար կապող հաստատուն կամուրջը ներկան է: Եվ բավական չարժեվորել ներկան կամ թե հիմնական գնահատական չունենալ ներկայի համար, նշանակում է մեղանչել երեկվա հերոսների սուրբ հիշատակի ու եկող սերնդի, ապագայի առջև: Մայիսի 28-ը Հայաստանի Հանրապետության հռչակման տոնն է. մայիսյան, ավարայրյան, հաղթության ոգով` Սարդարապատում, Բաշ-Ապարանում և այլուր մեր ժողովրդի անձնուրաց ու անձնդիր զավակների հիշատակի ու ոգեկոչման տոնը: Եվ այս ոգեկանությունը պարտք ունի պահպանելու, շահեցնելու ու բազմապատկելու ամեն ոք, ամեն տեղ, քանի դեռ վերջնական ու ապահով հանգրվան չեն ստացել մեր արդար ակնկալիքները, քանի դեռ առկախված է Պետության ու պետականության անդորրը: Ազատ ու անկախ հայրենիքը առհավատչյան է մեր ինքնության և իղձն ու գնահատականը բոլորանվեր ժամանակի մեջ: Աչքի լույսի պես պահենք ու զորացնենք մեր սուրբ հայրենիքը, որպես Աստծուց առաքված ինքնահատուկ-անկորնչելի ընծա, որպես Աստծո անմնացորդ սիրո տեսանելի գրավական: Թող հավիտյանս օրհնյալ լինի Մայր Հայաստանն ու նրա խաղաղության երաշխավորը յուր գործակիցներով:Թող միշտ ամուր լինի հայոց զինվորի բազուկը ի շահ աստվածապարգև մեր ժողովրդի. ԱՄԵՆ»:

Նմանատիպ նյութեր