211652_close_icon
views-count2179 դիտում article-date 10:52 21-09-2016

Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդի շնորհավորանքը՝ Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ, Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը, որում ասվում է. «ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ Մեր Օրհնությունն ու շնորհավորանքներն ենք ենք բերում Ձեզ ամենքիդ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի ուրախ առիթով: Այսօր ազգովի տոնախմբում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի բերկրալի տոնը: Հայոց մայրենի եզերքում հետայսու անկորնչելի իրողություն է մեր աստվածարյալ ժողովրդի դարավոր-իմաստավորված երազը` գոյության նպատակադրությունն ու վաղվա օրվա երաշխավորությունը: Հայաստանի Հանրապետությունն այլևս արժևորված իրականություն է` համայն հայության սեփականությունը: Սիրելի հայորդիներ, բարոյական հավատքով ու հուսատու երիտասարդության կենսառատ աչքերով շարունակենք արժևորել մեր լույս հաղթության, ոգու և վեհության պատմությունը, որ գոտեպնդված է հայրենասիրության վարդապետության ու հիրավի սուրբ նահատակների անկախ հոգեբանության, աստվածսիրության ու արդար ռազմավարության հանճարի վրա, որպես լուսավորի ու անանց գալիքի մշտամնա վկայություն: Աղոթքով առ Աստված` քաջահույս ենք, որ քրիստոնեական բարոյականությամբ` հեռու թույլին վայել չեզոքությունից, մոլություններից ու մեծուփոքր եսերից, շարունակելու ենք միասնաբար կերտելու և սերտելու մեր ոգեկանության տեսանելի վկայագիրը, որովհետև հոգնելը մեզ համար հավասարարժեք է պարտվելուն, իսկ լինելը մեզ համար համարժեք է ապրել ազգովի: Թող բարին Աստված հույսի, սիրո և խաղաղության մեջ պահի մեր մայրենի սրբություն սրբոցը` հարապատկելով ու առատացնելով վաստակն արդարների: Թող սրբոց և նահատակաց բարեխոս հովանավորությունն անպակաս լինի Հայաստան երկրից, մեր ժողովրդից, աստվածապարգև մեր Եկեղեցուց առհավետ. Ամեն»:

Նմանատիպ նյութեր