211652_close_icon
views-count2414 դիտում article-date 23:00 13-06-2016

ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները լավագույնն են ճանաչվել և՛ թատերական արվեստում, և՛ երգարվեստում

Հունիսի 12-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ «Արտ ֆեստ-2016» միջազգային երիտասարդական չորրորդ բաց փառատոնի մրցանակաբաշխությունը: Փառատոնի ամփոփման և մրցանակաբաշխության ժամանակ պարզ դարձավ, որ ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները լավագույնն են ճանաչվել և՛ թատերական արվեստում, և՛ երգարվեստում: ԵՊՀ մշակույթի կենտրոնն արժանացել է թատերական արվեստի հատուկ մրցանակին՝ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ ուսանողության շրջանում դասական դրամատուրգիան խրախուսելու համար: Երգարվեստի ոլորտում՝ «Լավագույն էստրադային երգիչ» անվանակարգում, հաղթող է ճանաչվել ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգիչ Տիգրան Գրիգորյանը, իսկ Մարիցա Թիլիքյանը՝ որպես առաջատար երգչուհի, ստացել է հատուկ մրցանակ: «Անկեղծ ասած, բոլորովին չէի սպասում այս մրցանակին: Ճիշտ է, մեր արած աշխատանքը ոչ սովորական էր և մի փոքր նորարարական իր տեսակի և ձևի մեջ, բայց որ այն կարժանանա գլխավոր մրցանակին, ես չէի ակնկալում: Շատ ուրախ եմ բոլորիս համար՝ թե՛ ստեղծագործական խմբի, թե՛ թատրոն-ստուդիայի կազմի, թե՛ Մշակույթի կենտրոնի և թե՛ ԵՊՀ-ի համար: Այս տարի լրացավ նաև մեր կենտրոնի 10-ամյակը: Եվ այս շրջանում այդ մրցանակը նվեր դարձավ բոլորիս համար»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը: Տիկին Դավթյանը շնորհակալություն հայտնեց նաև ԵՊՀ ռեկտորատին՝ հանձին ռեկտոր Արամ Սիմոնյանի, 10 տարի առաջ ԵՊՀ-ում մշակույթի կենտրոն հիմնելու որոշման համար. «Արվեստը և մշակույթն այնպիսի ոլորտներ են, որ անընդհատ ներդրում են պահանջում, և շատ կարևոր են տվյալ երկրի, տվյալ բուհի երիտասարդության հոգին պահելու համար, որն ամենակարևոր խնդիրներից մեկն է»: Կարինե Դավթյանը շնորհակալություն հայտնեց նաև «Արտ ֆեստ» միջազգային փառատոնի կազմակերպիչներին, ինչպես նաև թատերական արվեստի և երգարվեստի ժյուրիներին:

Նմանատիպ նյութեր