211652_close_icon
views-count1257 դիտում article-date 18:30 16-06-2016

«Էրեբունի» միջնաբերդում շարունակվում են հայ-ֆրանսիական արշավախմբի պեղումները

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոցի հնավայրում շարունակվում են հայ-ֆրանսիական հնագիտական խմբի կողմից իրականացվող պեղումների 2-րդ՝ ավարտական փուլի աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի և արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի ուղեկցությամբ Էրեբունի հնավայր է այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Հայ-ֆրանսիական արշավախմբի ֆրանսիական կողմի ղեկավար Ստեֆան Դեշամպը, ներկայացնելով պեղումների ընթացքը, նշել է, որ աշխատանքների արդյունքում բացվել է նոր խճապատ փողոց, հայտնաբերվել է ջրահեռացման համակարգի հատվածը: Բացի այդ, նշվել է, որ Խալդ աստծո տաճարին հանդիպակաց սյունազարդ սրահում բացահայտված տարբեր ժամանակաշրջանների հնագիտական շերտերը էական նշանակություն կունենան տաճարի վերականգնման համար: Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն շրջել է նաև թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին և գրառում կատարել թանգարանի պատվավոր այցելուների մատյանում: Գագիկ Գյուրջյանը դեսպանին է ներկայացրել Էրեբունի միջնաբերդի վերականգնման և այցելուների սպասարկման բարելավման ծրագիրը և հատկանշել, որ ֆրանսիական կողմի հետ համատեղ իրականացվող պեղումները կարևոր են հնավայրի գիտական ճանաչման ընդլայնման, ինչպես նաև գտածոների անվտանգ պահպանության համար: Նա նաև հույս է հայտնել, որ ֆրանսիական կողմի հետ ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական: Նշվել է նաև, որ թանգարանի այցելուների թվում վերջին տարիներին ավելացել են ֆրանսիացի զբոսաշրջիկները, ովքեր մեծ հետաքրքրությամբ են ծանոթանում Էրեբունու միջնաբերդին և հազարամյակների պատմություն ունեցող մայրաքաղաքային քաղաքակրթությանը: Շնորհակալություն հայտնելով արգելոցի տարածքը և թանգարանի ցուցանմուշները ներկայացնելու համար՝ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշել է, որ առաջին անգամ լինելով թանգարանում՝ իսկապես տպավորված է թե՛ հնավայրում իրականացվող աշխատանքներով և թե՛ թանգարանի ցուցադրությամբ՝ հատկանշելով, որ շատ կարևոր է շուրջ երեքհազարամյա պատմության վերհանումն ու միջազգային հարթակներում հավուր պատշաճի ներկայացումը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր