211652_close_icon
views-count3394 դիտում article-date 21:30 18-06-2016

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մասնակցել է Բենիկ Պետրոսյանի հետահայաց ցուցահանդեսին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. հունիսի 17-ին, Հայաստանի ազգային պատ­կերասրահում բացվել է նշանավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանի մահվան 20-րդ տարելիցին նվիրված` «Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» խորագրով հետահայաց ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, քանդակագործի ընտանիքը, մշակույթի, հասարակական գործիչներ և քանդակագործի արվեստի երկրպագուներ: «Այս ցուցահանդեսն առանձնանում է նախորդներից նրանով, որ այստեղ ներկայացված է Բենիկ Պետրոսյանի ստեղծագործական ժառանգության մեծ մասը. գեղանկարչություն, գրաֆիկա, կերամիկա, մոնումենտալ, հաստոցային, դեկորատիվ քանդակագործություն, մանրաքանդակ և այլն: Տեղին է ասված, եթե մարդը տաղանդավոր է, ապա՝ այդպիսին է ամեն ինչում: Համոզված եմ, եթե Բենիկ Պետրոսյանը ստեղծագործեր, ասենք՝ երաժշտարվեստում ապա կրկին բարձրարժեք և հետաքրքիր գործեր կստեղծվեին: Մենք պետք է նրա թողած ժառանգությունը դիտարկենք ամբողջության մեջ՝ ստեղծագործությունների և իր տաղանդավոր ընտանիքի միասնության համատեքստում»,- իր խոսքում նշել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նշենք, որ «Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հուլիսի 10-ը: Բենիկ Պետրոսյանի` քսաներորդ դարի երկրորդ կեսի հայ նշանավոր արվեստագետի ֆենոմենը դեռևս պետք է բացահայտվի, ճանաչվի և փոխանցվի սերունդներին: Նկարիչ-քանդակագործը կյանքից հեռացավ ստեղծագործական թռիչքի պահին` 57 տարեկանում, թողնելով հսկայածավալ ինքնատիպ և եզակի ստեղծագործական ժառանգություն: Հայ իրականության մեջ Բենիկ Պետրոսյանն առավելապես հայտնի է որպես մանրաքանդակի հիմնադիր և անգերազանցելի վարպետ, սակայն նրա ստեղծագործական համապատկերը շատ ավելի բազմաժանր է` մոնումենտալ և հաստոցային քանդակ, դրվագում, գեղանկարչություն և գրաֆիկա, ձուլածո և կոփածո աշխատանքներ, կերամիկա, ձևավորում և այլն:

Նմանատիպ նյութեր