41331 դիտում
11:17 21-06-2016
75-ամյա վարորդը Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով գնում էր մանկապարտեզ` երեխայի հանդեսին. վարորդն ու հետիոտնը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում 75-ամյա Միշա Իսայելյանը իր վարած Opel Vectra մակնիշի 03 ՏՏ 956 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադը հետիոտնին տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Տեղում ՃՈ աշխատակիցների կանչով ժամանեց մեկ այլ շտապօգնության բրիգադ, քանի որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է և նրան էլ տեղափոխեցին հիվանդանոց:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ հետիոտնը վրաերթի է ենթարկվել հետիոտնի համար թույլատրելի հատվածով անցնելիս, իսկ բնակիչներն էլ բազմաթիվ անգամ դիմել են Երևանի քաղաքապետարան և Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարությանը, որպեսզի նշված հատվածում տեղադրեն վերգետնյա անցում, սակայն ամեն անգամ պատասխանատուները պատասխանել են` «Պոսլե զավտրա»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթի ենթարկված կինը գնալիս է եղել մանկապարտեզ` երեխայի հանդեսին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+