211652_close_icon
views-count2503 դիտում article-date 14:15 06-07-2016

Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին, ով Հայաստանի Հանրապետությունում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Իոաննիս Տայիսին Հայաստանում պաշտոնավարման ժամանակաշրջանում իրականացրած արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացին՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունումը: Այս համատեքստում նա կարեւորել է նաեւ 2015 թվականի մարտի 24-ին ՀՀ Ագգային ժողովում Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունումը: Գալուստ Սահակյանը, խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Ըստ Գալուստ Սահակյանի՝ Հայաստանն առանձնահատուկ կարեւորություն է տալիս տնտեսության տարբեր բնագավառներում Հունաստանի հետ համագործակցության առավել խթանմանը ու ընդլայնմանը: Այս համատեքստում նշվել է, որ առեւտրատնտեսական կապերի ոլորտում կա դեռեւս չօգտագործված մեծ ներուժ: ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, շնորհակալություն է հայտնելով ընդունելության համար, ուրախությամբ նշել է, որ իր դիվանագիտական առաքելության տարիներին Հայաստանի եւ Հունաստանի հարաբերությունները գտնվել են բարձր մակարդակի վրա եւ հույս է հայտնել, որ հարաբերությունների կայուն զարգացումը հետայսու եւս կլինի շարունակական: Իոաննիս Տայիսը շնորհակալություն է հայտնել ՀՀ Աժ նախագահին՝ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում խորհրդարանի կողմից ցուցաբերված աջակցության համար: Հանդիպման ընթացքում երկկողմ կարեւորվել են միջխորհրդարանական հարաբերություների բարձր մակարդակը, խորհրդարանական բարեկամական խմբերի շփումներն ու փոխայցերը:

Նմանատիպ նյութեր