211652_close_icon
views-count1320 դիտում article-date 18:15 22-07-2016

Շոգ եղանակին ակտիվանում են վարակիչ հիվանդությունները

Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի, ինչպես նաև կենցաղային շփումների միջոցով: Դրանց հարուցիչները տարածված են շրջակա միջավայրում, սակայն աճման և բազմացման համար պահանջվում են որոշակի պայմաններ: Մանրէների մեծամասնության բազմացման համար հատկապես կարևոր է ջերմաստիճանը՝ 18-20 Cº-ից բարձր: Այս է պատճառը, որ աղիքային վարակներին բնորոշ է սեզոնայնությունը: Հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում՝ հիմնականում գարնանը և ամռանը, երբ առկա են նպաստավոր պայմաններ: Այսպես՝ սննդամթերքը բարենպաստ պայմաններում մանրէների աճման և բազմացման համար դառնում է սննդային միջավայր: Ամռանը լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման պատճառ: Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ են հետևյալ ախտանշանները. լուծ, թուլություն, սրտխառնոց, փսխում, որոնք կարող են ուղեկցվել նաև ջերմության բարձրացմամբ: Նշված ախտանշանների դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկական օգնության. ինքնաբուժումը, հակաբիոտիկների անհարկի օգտագործումը կարող են հանգեցնել հիվանդության քրոնիկական ընթացքի, ինչպես նաև դեղակայուն ձևերի առաջացման: Աղիքային վարակներից խուսափելու համար անհրաժեշտ է. - մրգերը, բանջարեղենը, հատապտուղները, կանաչեղենն օգտագործել միայն հոսող մաքուր ջրով լվանալուց հետո, - սննդամթերքը և պատրաստի սնունդը պահպանել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում, - գնումներ կատարելիս ընտրել թարմ` ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք, - չգնել փողոցներում, բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, սննդամթերք, - սնունդը պատրաստելիս այն լավ եփել կամ տապակել՝ դրանք պահելով փակ տարաներում և սառնարանում, - արագ փչացող սննդամթերքը պահպանել միայն սառնարանային պայմաններում, առանձնացնել հում սննդամթերքը եփածից, - խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին. ձեռքերը լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելիս և ուտելուց առաջ, տրանսպորտից, սանհանգույցից օգտվելուց հետո, - չօգտագործել կասկածելի ջուր, եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրի մատակարարման անջատումներ, ապա ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո, - ծորակի ջուրն օգտագործել միայն մի քանի րոպե հոսելուց հետո, - խմելու ջրի որակի փոփոխությունների (համի, հոտի, պղտորության առկայություն) դեպքում անմիջապես ահազանգել ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություններին, - արգելել երեխաների լողը դեկորատիվ ջրավազաններում, գետերում և այլ ջրավազաններում, որոնք նախատեսված չեն լողի համար:

Նմանատիպ նյութեր