16584 դիտում
23:00 23-07-2016
Նա չհամակերպվեց ստորացուցիչ պայմանագրի հետ և չհրաժարվեց արժեքներից. Շառլ դը Գոլ
Առաջին աշխարհամարտի ժամանակ Շառլ դը Գոլը երեք անգամ վիրավորվում է: Վերջին անգամ՝ 1916թ. Վերդենի ճակատամարտում վիրավորվելուց հետո անգիտակից վիճակում գերի է ընկնում: Շառլ դը Գոլը վեց անգամ փախուստի փորձ է կատարում, սակայն ամեն անգամ բռնվում ու վերադարձվում է ճամբար: Գեության մեջ անցկացնում է երկու տարուց ավելի և ազատվում պատերազմի ավարտից հետո:
Պատերազմից հետո դը Գոլը երկու տարի մարտավարության տեսություն է դասավանդում Լեհաստանում՝ Ռմբերտուվի (Վարշավայի թաղամաս, որը քաղաքից անջատված էր.-խմբ) ռազմական դպրոցում, ապա տեղափոխվում է հայրենիք՝ դասավանդում Բարձրագույն ռազմական դպրոցում: Շուտով նա լայն ճանաչում է ստանում իբրև ռազմական տեսության վերաբերյալ գրքերի հեղինակ՝ «Հանուն արհեստավարժ բանակի», «Թրի սայրին», «Ֆրանսիան և իր բանակը» և այլն:
[img]/ups/images/0093304001469283790322248.jpeg[/img]
[i]Շառլ դը Գոլն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1916թ.[/i]
1932-1936թթ. Շարլ դը Գոլը Պաշտպանության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղարն էր, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ նշանակվում է տանկային գնդի հրամանատար և ստանում գեներալի կոչում: Նա անչափ կարևորում էր բանակի մեքենայացումը, մասնավորապես՝ տանկային զորամիավորումների զարգացումը, դրանք համարելով ապագա պատերազմների հիմնական հարվածային ուժը:
1940թ. հունիսին Ֆրանսիան պարտվում է Գերմանիային: Գեներալ Շառլ դը Գոլն այդ ժամանակ Ֆրանսիայի պաշտպանության փոխնախարարն էր: Նորանշանակ վարչապետ Ֆիլիպ Պետենը հաշտության պայմանագիր է կնքում Նացիստական Գերմանիայի հետ, փրկելով Ֆրանսիայի մի մասը փաստացի բռնազավթումից, ձևավորում է կոլաբորացիոնիստական (կոլաբորացիոնիստ-զավթիչի հետ համագործակցող.-խմբ.) կառավարություն: Պետենի կառավարությունը արժեքների փոփոխություն է կատարում. Ֆրանսիական Մեծ հեղափոխության «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսը փոխարինում է «Հայրենիք, ընտանիք, աշխատանք» կարգախոսով:
[img]/ups/images/0048260001469283806898100.jpg[/img]
[i]Ֆիլիպ Պետենն ու Ադոլֆ Հիտլերը[/i]
Դը Գոլը հայտարարում է, որ Ֆրասնիական Մեծ հեղափոխության արժեքներից հրաժարվելը ստոր դավաճանություն է Ֆրանսիայի ժողովրդի և ամբողջ արևմտյան քաղաքակրթության նկատմամբ, չի ճանաչում Պետենի պրոգերմանական կոլաբորացիոնիստական կառավարության ստորագրած ստորացուցիչ պայմանագիրն ու փախչում Լոնդոն: Ուինսթոն Չերչիլի դիպուկ բնորոշմամբ՝ «դը Գոլն իր հետ վերցրեց Ֆրանսիայի պատիվը»: Ուշագրավ է, որ Ֆրանսիայի մարշալ Ֆիլիպ Պետենը, որն Առաջին աշխարհամարտի ժամանակ փառահեղ հաղթանակներ էր տարել Գերմանիայի նկատմամբ, համակերպվում է և գործակցում զավթիչի հետ: Իսկ գեներալ Շառլ դը Գոլը, որն Առաջին աշխարհամարտի մեծ մասն անցկացրել էր գերմանական գերության մեջ, չի համակերպվում Գերմանիայի պարտադրած ստորացուցիչ պայմանագրի հետ և դիմադրության շարժում է ծավալում:
[img]/ups/images/0149845001469283820320733.jpg[/img]
[i]Շառլ դը Գոլը ելույթ է ունենում Լոնդոնի ռադիոյով[/i]
Հունիսի 18-ին Լոնդոնի ռադիոյով սփռվում է դը Գոլի ելույթը զավթիչների դեմ համընդհանուր դիմադրության շարժում սկսելու կոչով. «Ֆրանսիան պարտվել է ճակատամարտում, բայց չի պարտվել պատերազմում: Ոչինչ կորած չէ, քանի որ այս պատերազմը համաշխարհային է: Կգա այն օրը, երբ Ֆրանսիան կվերադարձնի իր ազատությունն ու մեծությունը: Ահա թե ինչու ես դիմում եմ բոլոր ֆրանսիացիներին՝ միավորվելու ինձ հետ՝ հանուն գործելու, հանուն ինքնազոհաբերման և հույսի»:
[img]/ups/images/0136724001469283833164830.jpg[/img]
[i]աջից ձախ՝ Ուինսթոն Չերչիլ, Շառլ դը Գոլ, Ֆրանկլին Ռուզվելտ[/i]
Գեներալ դը Գոլի նախաձեռնությամբ ստեղծվում է «Ազատ Ֆրանսիա» կազմակերպությունը և Ազգային ազատագրության ֆրանսիական կոմիտեն, որը դառնում է դիմադրության շարժման ղեկավար օղակը: Անգլիան, որը պատերազմ էր հայտարարել Գերմանիային, դը Գոլին պաշտոնապես ճանաչում է Ֆրանսիայի օրինական իշխանության ներկայացուցիչ:
[img]/ups/images/0455954001469283845913376.jpg[/img]
Իսկ այդ ժամանակ ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը ճանաչում են Ֆիլիպ Պետենի կառավարությունը: 1942թ. «Ազատ Ֆրանսիան» վերանվանվում է որպես «Մարտնչող Ֆրանսիա» և ակտիվացնում դիմադրության շարժումը: Դրանից հետո ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը նույնպես ճանաչում են դը Գոլի վտարանդի կառավարությունը որպես Ֆրանսիայի օրինական իշխանություն:
[img]/ups/images/0982443001469283867220876.jpg[/img]
Շառլ դը Գոլը «Մարտնչող Ֆրանսիայի» բանակի զինվորների շարքի առջև
1944թ. ամռանը՝ Ֆրանսիայի ազատագրումից հետո, Ազգային ազատագրության ֆրանսիական կոմիտեն վերակազմավորվում է Ֆրանսիայի Հանրապետության ժամանակավոր կառավարության, որի ղեկավար է ընտրվում Շառլ դը Գոլը: 1947թ. դը Գոլը հիմնադրում է «Ֆրանսիացի ժողովրդի միավորում» կուսակցությունը և շարունակում ակտիվ քաղաքական գործունեությունը, մինչև 1953թ.: Սակայն 1959թ. դը Գոլը վերստին վերադառնում է մեծ քաղաքականություն և գլխավորում կառավարությունը, ապա ընտրվում Ֆրանսիայի նախագահ: Նրա նախաձեռնությամբ կատարվում են սահմանադրական բարեփոխումներ, որոնք սահմանափակում են խորհրդարանի լիազորությունները՝ հօգուտ նախագահի: Այդպիսով խորհրդարանական կառավարումը փոխարինվում է նախագահականով:
[img]/ups/images/0661813001469283884956089.jpg[/img]
Դը Գոլի քաղաքական գործունեությունն ավարտվում է 1969թ., երբ սենատի վերակառուցման և երկրի վարչատարածքային կառուցվածքի բարեփոխման հանրաքվեում չի ստանում ժողովրդի վստահությունը: Դը Գոլն առանց վարանելու հրաժարական է տալիս և ընդմիշտ հեռանում քաղաքական ասպարեզից:
Շառլ դը Գոլը երազում էր, որ Եվրոպան երբևէ կդառնա միասնական: Այդ մասին բազմիցս էր արտահայտվում ելույթներում. «Աշխարհի բախտն, անկասկած, որոշում է Եվրոպան, ամբողջ Եվրոպան՝ Ատլանտիկայից մինչև Ուրալ» (Ստրասբուրգ 1959թ.): «Երբևե Եվրոպան կդառնա միասնական` Ատլանտիկայից մինչև Ուրալ» (Շարտրե 1965թ.): Նրա երազանքն այսօր մեծ մասամբ իրականացել է, Եվրամիությունը միավորել է եվրապական մոտ 3 տասնյակ երկրներ:
[img]/ups/images/0985605001469283895799857.jpg[/img]
20-րդ դարի մեծ քաղաքական գործիչը մահացել է 1970թ. նոյեմբերի 9-ին, Կոլոմբե լե Դյոզ Էգլիզ գյուղում, թղթախաղ խաղալիս: Շատ մեծ է Շառլ դը Գոլի ներդումը Ֆաշիզմի դեմ տարած ընդհանուր հաղթանակում: Եվ վիթխարի է նրա գաղափարական ազդեցությունը միասնական և նոր Եվրոպայի կառուցման գործում: Նա այսօր էլ համարվում է քաղաքական կամքի, վճռականության, հայրենիքի հանդեպ գործնական նվիրումի դասական օրինակ քաղաքականությամբ զբաղվողների համար:
Նմանատիպ նյութեր
3699 դիտում
09:25 01-07-2020
Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չհրաժարվեց ծխախոտ արտադրող ընկերության օգնությունից․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2818 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3973 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին