211652_close_icon
views-count2208 դիտում article-date 21:15 26-07-2016

Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության պլանը

Հուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջև վերջին երկու տարիների ընթացքում համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում` պաշտպանության ոլորտում կանանց ներկայացվածության և մասնակցության հնարավորությունների ընդլայնման, հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ: Սեյրան Օհանյանը կարևորել է ինչպես Բնակչության հիմնադրամի, այնպես էլ ՄԱԿ-ի այլ մասնագիտացված կառույցների հետ համագործակցության խորացումը` որպես ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման, ՀՀ պաշտպանական բարեփոխումների շարունակականության ապահովման և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում միջազգային օժանդակության անհրաժեշտ աղբյուր և ուղղորդիչ գործիք: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և ընդգծել փոխհարաբերությունների շրջանակի ընդլայնման պատրաստակամությունը: Իր հերթին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գ. Հայրապետյանը նշել է, որ ՊՆ հետ իրենց համագործակցությունը կանանց իրավունքների պաշտպանության հարցերում կարող է դիտվել որպես պաշտպանական գերատեսչության հետ համագործակցության լավագույն փորձի օրինակ: Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև 2016թ. համագործակցության պլանը:

Նմանատիպ նյութեր