211652_close_icon
views-count6770 դիտում article-date 12:25 30-07-2016

Կուսակցությունները դատապարտում են Սարի թաղում և Խորենացի փողոցում կատարված բռնությունները

Հայաստանյան քաղաքական ուժերն արձագանքում են Սարի Թաղում նախօրեին երեկոյան տեղի ունեցած դեպքերին, որի ընթացքում ոստիկանությունների գործողություններից տուժել են տասնյակ քաղաքացիներ, այդ թվում բազմաթիվ լրագրողներ, բերման են ենթարկվել 165 քաղաքացիներ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է ոստիկանական բռնություններն անզեն քաղաքացիների նկատմամբ: Հայտարարության մեջ ասված է. «Երեկ՝ հուլիսի 29-ի երեկոյան, ինչպես նաեւ դրան նախորդած օրերին, ՀՀ ոստիկանությունը գործադրել է անհամաչափ ուժ եւ ակնհայտ բռնություն իրենց բողոքի ձայնն արտահայտող խաղաղ ցուցարարների նկատմամբ: Այս ընթացքում նաեւ անօրինական կերպով ոստիկանական բաժիններ բերման են ենթարկել քաղաքացիներին՝ սահմանափակելով նրանց հիմնարար իրավունքները: Ոստիկանությունն անզեն քաղաքացիների նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ եւ լուսաձայնային պայթուցիկներ, անխնա ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին եւ ակցիաները լուսաբանող լրագրողներին՝ նրանց նկատմամբ իրականացնելով անթույլատրելի պատժիչ միջոցներ եւ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ: Մենք դատապարտում ենք անզեն քաղաքացիների եւ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների նկատմամբ հատուկ միջոցների կիրառումը եւ բռնությամբ ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելը: Ակնհայտ հանցավոր գործելաոճ ենք համարում ոստիկանության բացահայտ թողտվությամբ եւ աջակցությամբ քաղաքացիական հագուստով անձանց խմբերի սադրիչ եւ անմարդկային գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնք հստակ երեւում են նաեւ տեսագրություններում: Վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իրավիճակի ապակայունացումը եւ արյունահեղությունը կարող է բերել անդառնալի հետեւանքների ՀՀ թե՛ ներքին եւ թե՛ արտաքին կյանքի համար եւ այդ ամենի ողջ պատասխանատվություն կրում է իշխանությունը: Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնություն գործադրելուց, ժամ առաջ վերջ դնել բռնություններին եւ առաջացած ճգնաժամը լուծել բացառապես քաղաքական ճանապարհով՝ բանակցություններով եւ խաղաղ միջոցներով: Պահանջում ենք իրականացնել անաչառ հետաքննություն՝ պարզելու խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններն իրականացնողներին, այդ թվում քաղաքացիական հագուստով ակնհայտ սադրիչ եւ բռնի գործողություններ իրականացրած անձանց ինքնությունը: Ապահովել հասարակական թափանցիկ վերահսկողություն իրավական ողջ գործընթացի նկատմամբ, ինչպես նաեւ Ազգային ժողովում ստեղծել այս դեպքերը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Ակնհայտ է, որ իշխանությունների նման գործելակերպը չի նպաստում ՀՀ ներքին եւ արտաքին հիմնախնդիրների լուծմանը՝ հատկապես ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության երաշխիքների ապահովմանը, հարված է հասցնում առանց այն էլ արժեզրկված պետական եւ քաղաքական ինստիտուտների կայացման գործընթացին, էլ ավելի է խորացնում երկրում առկա ճգնաժամը, թուլացնում պետության ներքին դիմադրողականությունը՝ բազմապատկելով ներքին եւ արտաքին մարտահրավերների հաղթահարման հնարավորությունները»: Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի հայտարարության մեջ ասված է. «Լուսավոր Հայաստան կուսակցությունը խստորեն դատապարտում է հուլիսի 29-ին Երեւան քաղաքի «Սարի թաղ» թաղամասում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների եւ բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ կիրառված խայտառակ բռնությունների եւ առանց որեւէ իրավական հիմքի օգտագործված հատուկ միջոցների դեպքերը: Ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում տուժել են նաեւ բողոքի ցույցերին չմասնակցած «Սարի թաղի» բնակիչներ, լուսաձայնային նռնակներն ու ծխանռնակներն ընկել են տարածքի տների վրա, որի արդյունքում բռնկվել են հրդեհներ: Հիվանդանոցներ է տեղափոխվել տարբեր աստիճանի վնասվածքներով եւ այրվածքներով շուրջ 60 տուժած քաղաքացի: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների տուժածների մեջ կան մանկահասակ երեխաներ: Բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ իրականացվել են թիրախային եւ նպատակային բռնություններ, որի արդյունքում լրագրողներին հասցվել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, կոտրվել տեսախցիկներեւ խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը։ Տասնյակ քաղաքացիներ ենթարկվել են անմարդկային բռնությունների քաղաքացիական հագուստով անձանց կողմից: Բազմաթիվ քաղաքացիներ առանց որեւէ հիմնավորման բերման են ենթարկել: Լուսավոր Հայաստան կուսակցությունը գտնում է, որ հատուկ միջոցների կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ անթույլատրելի է եւ այն պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում, սակայն անցած տաս օրերի ընթացքում այն դարձել է ոստիկանության աշխատելաոճի անբաժանելի մասը: Մինչդեռ ՀՀ օրենսդրության պահանջներն այլ են։ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ոստիկանության զորքերի զինծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն եւ մարտական տեխնիկա` սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել: Օրենքի նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելիս ոստիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է՝ 1) դրանք գործադրելու մասին նախազգուշացնել իրավախախտողներին՝ բավարար ժամանակ տալով նրանց իր օրինական պահանջները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կամ մարտական տեխնիկա գործադրելու հապաղումը անմիջական սպառնալիք է ստեղծում իր, քաղաքացիների, զինծառայողների կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների կյանքի ու առողջության համար կամ կարող է այլ ծանր հետեւանքներ առաջացնել, կամ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնարին է, ինչպես նաեւ ոստիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է՝ ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի: Միեւնույն ժամանակ, նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված է, որ Ոստիկանության զորքերը պարտավոր են սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի մասին սեղմ ժամկետում հայտնել տուժածների մերձավոր ազգականներին: Կուսակցությունը գտնում է, որ ոստիկանության կողմից փորձ չի արվել այլ միջոցներով կատարել իր պարտականությունները եւ առանց նախազգուշացման չդիմել բացառիկ միջոցի, այն է՝ հատուկ միջոցների կիրառմանը խիտ բնակեցված թաղամասում: Տվյալ պարագայում, ոստիկանությունը որեւէ կերպ փորձ չի արել նվազագույնի հասցնել հատուկ միջոցների կիրառման արդյունքում քաղաքացիներին եւ հարակից տներին եւ այլոց գույքին պատճառվող վնասը, ինչը դրսեւորվում է նրանով, որ խիտ բնակեցված տարածքում կիրառվել են լուսաձայնային նռնակներ, ծխանռնակներ եւ այլ հատուկ միջոցներ: Ավելին, պատճառվող վնասի նվազեցման նպատակով, ինչպես դա օրենքն է պահանջում, մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությունը չի ցուցաբերվել եւ հիվանդանոցից վնասվածքներ ստացած Դավիթ Սանասարյանը, առողջական վատ վիճակով բռնությամբ բերման է ենթարկվել, իսկ տուժածների մերձավոր ազգականները այլ աղբյուրներից են տեղեկացել է (այնինչ օրենքի պահանջն է, որ ոստիկանության զորքերը գրավոր տեղեկացնեն) իրենց հարազատների հիվանդանոցում գտնվելու, մարմնական վնասվածք ստացած լինելու եւ առողջական վիճակի մասին: Վերջին տասը օրերի ընթացքում քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունները, ակնհայտ անհիմն բերման ենթարկելու, քրեական գործեր հարուցելու նախադեպերը որեւէ կերպ չեն նպաստում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը եւ ավելի են անկանխատեսելի դարձնում հետագա զարգացումները։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է ձեռնպահ մնալ նոր բռնություններ ծնող եւ հրահրող գործողություններից եւ անհապաղ անցկացնել տեղի ունեցած դեպքերի մանրամասն եւ թափանցիկ քննություն, որի արդյունքում պետք է բացահայտվեն տեղի ունեցած իրավախախտումները, իսկ դրանք կատարողները անկախ պաշտոնից եւ զբաղեցրած դիրքից հանձնվեն ՀՀ արդարադատությանը»: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/17/90646/]հայտնել[/url] էինք, հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք էին գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց, տեղեկացրել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը։ Միաժամանակ նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն էին տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարել էր, որ տարածվող տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր