2718 դիտում
19:23 10-08-2016
Սարի թաղում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով երկու քաղաքացի է ձերբակալվել. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2016թ. օգոստոսի 10-ի դրությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ենթադրյալ հանցագործության հետևանքով տուժել է 20 լրագրող, որոնցից 17-ը քրեական գործով արդեն ճանաչվել են տուժող և հարցաքննվել են: Նրանց առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: 2 լրագրող դեռևս չի ներգրավվել քննությանը՝ քաղաքից բացակայելու պատճառով, ևս 1-ը հայտարարել է, որ այդ օրն իրեն որևէ վնաս չի պատճառվել:
Հիշյալ դեպքերի ընթացքում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու կասկածանքով 2016թ. օգոստոսի 10-ին ձերբակալվել են երկու քաղաքացիներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը և նրա հետ համագործակցող իրավապահ մյուս մարմինները շարունակում են ձեռնարկել դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձանց նույնականացնելու և հայտնաբերելու համար անհրաժեշտ ինչպես քննչական ու դատավարական, այնպես էլ օպերատիվ-հետախուզական բոլոր հնարավոր միջոցները:
Միաժամանակ հորդորում ենք հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի Թաղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ ունեցող այլ անձանց, այդ թվում՝ ենթադրաբար տուժած, սակայն այդ մասին դեռ չհայտնած լրագրողներին համագործակցել քննության հետ, նախաքննության մարմնին ներկայացնել իրենց տրամադրության տակ եղած ցանկացած նյութ կամ տեղեկություն, որը կարող է նպաստել համակողմանի և արագ քննության իրականացմանը:
Նախաքննության հետագա ընթացքի և նոր զարգացումների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Նմանատիպ նյութեր
1635 դիտում
20:35 11-08-2016
Սարի թաղում լրագրողների օրինական գործունեությանը խոչընդոտելու համար 2 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
931 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»