211652_close_icon
views-count2190 դիտում article-date 09:26 19-08-2016

Դուք հաճո՞ւյք եք ստանում զիջումների մասին խոսելով. Շավարշ Քոչարյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ Հայաստանի և Արցախի պաշտոնյաների կողմից վերջին շրջանում հնչեցվող անհեթեթ հայտարարությունների ֆոնին երեկ դրականորեն տարբերվեց՝ ստեղծված իրավիճակին կոնկրետ գնահատականներ տալով: Մասնավորապես, երեկ ՀՀ կառավարության նիստից հետո, երբ նրանից լրագրողները փորձել են պարզել, ի վերջո, ինչ փոխզիջումների մասին է անընդհատ խոսվում, նա ուղղակի ասել է. «Ինչու Ադրբեջանի կողմից ոչ մի անգամ չեմ լսել նման բան: Իսկ մեզ մոտ անընդհատ քննարկվում է այդ զիջումների հարցը: Որևէ հայտարարություն չկա Ադրբեջանի կողմից, և քանի դեռ նրանք շարունակում են կոշտացնել իրենց դիրքերը, որևէ բանի մասին խոսելը վաղ է: Այ, երբ Բաքուն խոսի զիջումների մասին, էն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին»: Իսկ երբ լրագրողները շարունակել են փոխզիջումների թեմայով հարց ուղղել, Շավարշ Քոչարյանը նկատել է. «Ես չեմ հասկանում` դուք հաճո՞ւյք եք ստանում՝ զիջումների մասին խոսելով»: Իհարկե, իրականում փոխզիջումների թեմայի՝ նման լայն արծարծման մեղավորը լրագրողները չեն, այլ Հայաստանի և որոշ բացառություններով նաև Արցախի առաձին պաշտոնյաները, ՀՀԿ-ի օսլայած մազերով երիտասարդները: Ամենաբարձր մակարդակից սկսած մինչև միջին մակարդակի չինովնիկները վերջին շրջանում առիթը բաց չեն թողում ինչ-որ փոխզիջումների մասին խոսել և, որ ամենակարևորն է, նրանք դա անում են ամենաանտաղանդ ու տխմար ձևերով` իրենց հնչեցրած խոսքերի իմաստը չգիտակցելով: Կարծում ենք, որ Շավարշ Քոչարյանի կոշտ խոսքերից հետո արտերկրի ինչ-որ ուժերին հաճոյանալու համար ՀՀ պաշտոնյաների ու պատգամավորների կողմից արված հայտարարությունները գոնե կդադարեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր