211652_close_icon
views-count2652 դիտում article-date 10:19 01-09-2016

«Հայփոստը» Նոյեմբերյան քաղաքի բաժանմունքի համար արդիական մի տպիչ չի՞ կարողանում գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Հայփոստի» բաժանմունքում ընդունվում են կոմունալ ծառայությունների՝ էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, բնական գազի վարձավճարներ։ Բնակիչների կողմից այդ ծառայությունների վարձավճարները մուծելուց հետո գործարկվում է տպիչը, որպեսզի բաժանորդներին մուծման մասին փաստաթղթեր տրամադրվեն։ Ու սկսվում Է տպիչի հեծեծանքը։ Այդ տպիչը երևի մոտ 40 տարեկան է, բարոյապես և ֆիզիկապես մաշված, այն գործում է դանդաղ և տհաճ աղմուկով։ Այդ սպասարկման սրահի պատին գովազդային ձևով ներկայացված են այդտեղ բնակչությանը մատուցվող ծառայությունները՝ պատճենում, տպագրում, ֆաքս և այլն։ Նույն սրահում «Հայփոստի» կողմից վաճառվում են ռետինե բոտեր՝ ճտքերով ոտնամաններ։ 2014թ. Տավուշի մարզում փակվել են «Հայփոստի» Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի և Դիլիջանի մասնաճյուղերը, դրանք դարձել են բաժանմունքներ։ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի նախկին մասնաճյուղերի միավորումով ստեղծել է «Հայփոստ արևելք» մասնաճյուղը, որի գրասենյակը Սևան քաղաքում է։ Տավուշի մարզի 4 տարածաշրջանների մասնաճյուղերի վերացման արդյունքում մեծ թվով աշխատողներ են կրճատվել։ Այդ մարդիկ տասնյակ տարիներ աշխատում էին փոստի ծառայությունում։ Նոյեմբերյանի բաժանմունքից կրճատվել Է 6 հոգի, Իջևանի բաժանմունքում 2 հոգու ատեստացիայից «կտրել» են և հեռացրել գործից, ևս 3 հոգի կրճատվել է։ Բերդի և Դիլիջանի բաժանմունքներում համանման կրճատումներ են եղել։ Բազմաթիվ աշխատողների կրճատումների հետևանքով տնտեսված գումարներից, տարաբնույթ տնտեսական գործունեությունից առաջացած ֆինանսական միջոցներից «Հայփոստը» Նոյեմբերյան քաղաքի բաժանմունքի համար արդիական մի տպիչ չի՞ կարողանում գնել, որ չվատնի բնակիչների նյարդերն ու ժամանակը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր