1058 դիտում
16:00 16-09-2016
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 66-րդ նստաշրջանում բարձր է գնահատվել Հայաստանի ներդրումը
Կոպենհագենում ընթացող Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 66-րդ նստաշրջանին Հայաստանը ներկայացնող ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում վարակիչ հիվանդությունների վերացմանը նվիրված աշխատանքային հանդիպման ընթացքում ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի խոսքը։ Դրանում մասնավորապես նշվել է, որ այս տարվա հունիսին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Հայաստանին շնորհվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագիր:
«Այդպիսով Հայաստանը, Բելառուսի հետ մեկտեղ, դարձավ եվրոպական տարածաշրջանի երկրների թվում առաջինը, որն արժանացավ նման բարձր գնահատականի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վալիդացիայի գլոբալ կոմիտեի կողմից հաստատված Հայաստանի հանրային առողջապահության այս նշանակալի ձեռքբերումը երկար տարիների աշխատանքի արդյունք է և վկայում է այն մասին, որ ՁԻԱՀ-ի և նախածննդյան խնամքի արդյունավետ ծառայությունների, ինչպես նաև մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման ինտեգրված համակարգի ստեղծմանն ուղղված նպատակային ջանքերն ու հետևողական քայլերը վերջին 15 տարիներին մեր երկրում տվել են իրենց պտուղները: Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման գործում Հայաստանի ձեռքբերումը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման միջոցառումների բաղկացուցիչն է: Երկրում ստեղծված են ՄԻԱՎ վարակի համաճարակի արդի մարտահրավերներին արձագանքման համարժեք կառույցներ, ինչն ապահովում է հիվանդությունների վաղաժամ ախտորոշում, բոլոր կարիք ունեցողներին որակյալ բուժօգնության, առավել արդյունավետ բուժման և բժշկական այլ ծառայությունների տրամադրում:
Հայաստանն այն երկրներից է, որտեղ առկա է ուժեղ քաղաքական աջակցություն և հանձնառություն մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման գործին: Մոր և մանկան առողջության պահպանումը, այդ թվում ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից վարակից զերծ երեխաների ծնունդը, Հայաստանի առողջապահական համակարգի գերակա խնդիրներից են և այսպիսի կարևոր հավաստագիր ստանալը մեզ համար ինքնանպատակ չէ: Այսուհետ մենք կշարունակենք ջանքեր գործադրել ձեռք բերած կարգավիճակը պահպանելու համար:
Լայնածավալ պատվաստումների շնորհիվ 2008 թվականից ի վեր Հայաստանում չեն արձանագրվել կարմրուկի և կարմրախտի տեղային դեպքեր և երկիրը հասել է այդ վարակների վերացմանը: Կարմրուկից և կարմրախտից զերծ երկրի կարգավիճակը Հայաստանը պահպանում է շնորհիվ նշված հիվանդությունների դեմ պատվաստումներում նպատակային խմբերի բարձր ընդգրկվածության։ Այդ խմբի 1 և 6 տարեկան երեխաների շուրջ 96-97%-ն ընդգրկվում է կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստումներում:
1994-2005 թվականներն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է մալարիայի հետէլիմինացիոն բռնկում: ԱՀԿ-ի տեխնիկական և մեթոդական աջակցությամբ երկրում սկսվեցին մալարիայի դեմ պայքարի լայնածավալ միջոցառումներ: Հայաստանը հաջողությամբ ավարտեց մալարիայի վերացման գործընթացը. 2006 թվականից ի վեր Հայաստանում մալարիայի տեղային դեպքեր չեն արձանագրվել: 2011 թվականին երկիրն անցել է հավաստագրման գործընթաց և ստացել մալարիայից զերծ երկրի կարգավիճակ: Հաշվի առնելով, որ երկրի բնակլիմայական պայմանները նպաստավոր են մալարիայի փոխանցման համար, ներկայումս մեր խնդիրն է երկրում բարենպաստ համաճարակային իրավիճակի պահպանումը կանխարգելիչ միջոցառումներին աջակցելու և բերովի դեպքերի հետևանքով մալարիայի տարածումը կանխելու միջոցով»:
Հանդիպման ընթացքում կարմրուկի և կարմրախտի վերացումը վավերացնող ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի անունից Հայաստանին հանձնվել են 2012 թվականի հունվարից 2014 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կարմրուկի և կարմրախտի վերացումը փաստող վկայականներ, որոնցում նշված է, որ դրանով երկիրն էապես նպաստում է ամբողջ եվրոպական տարածաշրջանում կարմրուկի և կարմրախտի վերացման նպատակին: Իսկ ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժ.Յակաբի անունից հանձնված շնորհակալագրում նշված է, որ 2016 թվականի ապրիլին հայտարարվել է տարածաշրջանում մալարիայի տեղային փոխանցման ընդհատման մասին: Այդպիսով, եվրոպական տարածաշրջանը դարձել է մալարիայից զերծ առաջին տարածաշրջանն աշխարհում: Ժ.Յակաբը ԱՀԿ-ի անունից տարածաշրջանի երկրներին շնորհակալություն է հայտնել կայուն քաղաքական հանձնառության, բարձր զգոնության և ներդրված միջոցների համար, որոնք հնարավոր դարձրեցին այդ ձեռքբերումը:
Նմանատիպ նյութեր
1249 դիտում
14:15 14-09-2016
Հայաստանը մասնակցում է Կոպենհագենում ընթացող ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 66-րդ նստաշրջանին
1143 դիտում
14:17 15-09-2014
Արմեն Մուրադյանը կմասնակցի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային 64-րդ կոմիտեին
Այս բաժնից
847 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են