211652_close_icon
views-count2169 դիտում article-date 09:02 22-09-2016

Պետական տոների պաշտոնական արարողությունները գործող իշխանության մենաշնո՞րհն են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանը տոնում էր Անկախության 25-րդ տարեդարձը։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զինվորական շքերթի ընթացքում աչքի զարնեց այն փաստը, որ պատվանդանում կանգնած չէին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հայտնի է, որ բոլոր նման արարողությունների ժամանակ ՀՀ նախագահի նստավայրից մշտապես հրավիրատոմսեր են ուղարկվում առաջին և երկրորդ նախագահներին։ Եվ անկախ գործող իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքից՝ Հայաստանի Անկախության 25-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը չմասնակցելը արդեն ոչ միայն պաշտոնական, այլև նախկին նախագահների մարդկային որակների մասին է խոսում։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Լևոն Տեր Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև առկա անջրպետը կարծես թե հաղթահարվել էր։ Ուստի, եթե նա մասնակցեր զորահանդեսին՝ որպես առաջին գերագույն գլխավոր հրամանատար, միանգամայն տրամաբանական կլիներ։ Սակայն դա տեղի չունեցավ։ Իհարկե, հնարավոր է՝ առաջին նախագահը մտավախություն ուներ, որ եթե ինքը կանգնի Սերժ Սարգսյանի կողքին, ապա նրա ղեկավարած քաղաքական ուժը կարող էր «հաճախորդ» ընկալվել։ Իսկ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում այս մտավախությունը չի կարող լինել, քանի որ հենց նա իր իշխանությունը փոխանցեց Սերժ Սարգսյանին, և նրանք արտաքուստ նորմալ հարաբերություններ ունեն միմյանց հետ, և բոյկոտը Քոչարյանի կողմից ամենաընդունված քայլը չէր՝ անկախ հիմնավորումներից։ Այսպիսով, մեր երկրում դեռ կշարունակի մնալ կարծրատիպը, որ պետական տոների պաշտոնական արարողությունները գործող իշխանության մենաշնորհն են»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր