211652_close_icon
views-count3315 դիտում article-date 17:45 24-10-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է METRO AG ընկերության փոխնախագահին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է METRO AG ընկերության արտաքին կորպորատիվ քաղաքականության գծով փոխնախագահ, ընկերության մոսկովյան ներկայացուցչության ղեկավար Ալեքսեյ Գրիգորևին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ռուսաստանում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը: Համառոտ ներկայացնելով METRO AG ընկերության գործունեության հիմնական ուղղությունները` հյուրը նշել է, որ այն հիմնականում զբաղվում է մանրամեծածախ առևտրով և հետաքրքրված է երկարաժամկետ համագործակցություն ծավալել գյուղատնտեսական արտադրանք թողարկող և արտահանող հայաստանյան ընկերությունների հետ: Նա վստահություն է հայտնել, որ հայկական գյուղմթերքն իր որակական ու համային հատկանիշներով կարող է հետաքրքություն առաջացնել իրենց հաճախորդների և սպառողների շրջանում: Այս առումով Ալեքսեյ Գրիգորևը նպատակահարմար է համարել համագործակցել մասնավորապես հայկական պտուղ-բանջարեղենի, ալկոհոլային խմիչքների, ձկնամթերքի և սառեցված հատապտղի մատակարարման հարցերում` որպես արդյունավետ գործընկերային հարաբերությունների գրավական ընդգծելով ոչ միայն մատակարարվող արտադրանքի բարձր որակի ապահովումը, այլև փաթեթավորման, լոգիստիկայի և մարքեթինգի իրականացման կարևորությունը: Պատրաստակամություն հայտնելով աջակցել METRO AG ընկերությանը Հայաստանում գործընկերներ գտնելու հարցում` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է գտնել այն եզրերը, որոնցում համագործակցությունը կլինի առավելագույնս փոխշահավետ և արդյունավետ: «Հայաստանն ունի գյուղատնտեսական մթերքի արտադրության մեծ ներուժ, և մենք հույս ունենք, որ METRO AG ընկերությանը կհաջողվի մեր երկրում գտնել վստահելի գործընկերներ», - նշել է նախարարը: ՀՀ գյուղատնտեսության նախարարը խոստացել է ուսումնասիրել ընկերության կողմից ներկայացված առաջարկները և օժանդակել հայաստանյան արտադրողների և արտահանողների հետ գործարար կապերի հաստատման հարցում:

Նմանատիպ նյութեր