211652_close_icon
views-count2233 դիտում article-date 10:44 02-11-2016

Երբ կառավարությունը հայտարարում է, որ թափանցիկ է աշխատելու, ի՞նչ նկատի ունի. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինչո՞ւ են Հայաստանում փոխվում կառավարությունները՝ մենք երբեք մինչև վերջ չենք հասկանա։ Սկսած Վազգեն Մանուկյանի՝ որպես վարչապետի հրաժարականից և վերջացրած Հովիկ Աբրահամյանի հրաժարականով, հասարակությունը հոդաբաշխ պատասխան չունի՝ ինչո՞ւ։ Ժողովրդական, լրագրողական կամ բամբասանքային մակարդակով վարկածները շատ են, սակայն պաշտոնական բացատրությունները՝ չափազանց ժլատ։ Վերցնենք թեկուզ վերջին փոփոխությունը։ Խոսվում է սահմանադրական բարեփոխումների և դրանց բերած նոր մարտահրավերների մասին, բայց չի ասվում, թե ինչո՞վ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չէր համապատասխանում այդ բարեփոխումներին և մարտահրավերներին, իսկ Կարեն Կարապետյանի կառավարությունը համապատասխանում է։ Այսինքն՝ տվյալ դեպքում պետք է թվարկվեն վարչապետի կամ կառավարության այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են հայտարարված փոփոխությունների համար։ Թե ինչու իշխանությունից հեռացրեցին հայտնի դեմքերին՝ հասկանալի է։ Բայց դրա մասին բարձրաձայն չի ասվում, ինչը թույլ է տալիս, օրինակ, Սուրիկ Խաչատրյանին ասել, որ իրականում իրեն չեն հեռացրել, որ նա ինքն է հրաժարական տվել։ Եթե պաշտոնապես ասվեր, թե Սյունիքի մարզպետի՝ աշխատանքից ազատման պատճառը այսինչ դեպքերն են, ապա մնացած պաշտոնյաներին պարզ կդառնար, թե որ սահմաններում է պետք մնալ։ Օդիոզ դեմքերի դեպքում (մասնավորապես՝ մի քանի նախարարների) մոտավորապես կարելի է կռահել, թե ինչու են նրանք զրկվել պաշտոններից, իսկ ինչո՞ւմ էր թերացել, օրինակ, Արմեն Մուրադյանը։ Դրա մասին հավանաբար երբեք չենք իմանա: Իշխանավորների պաշտոնազրկման իրական պատճառները չհայտարարելը հին ու բարի խորհրդային ավանդույթ է: Այն ժամանակ էլ աշխատանքից հանում էին հիմնականում «սեփական դիմումի համաձայն» և «առողջական խնդիրների պատճառներով»: Մեկ էլ տեսնում էիր՝ այդ սեփական դիմում գրողը կամ առողջական խնդիրներ ունեցողը դառնում էր դեսպան մի շատ հեռավոր երկրում, օրինակ՝ Գաբոնում: Մի խոսքով՝ թե այն ժամանակ, թե հիմա գործում էր այն մեխանիզմը, որը նկարագրված է Արկադի Ռայկինի հայտնի մանրապատման մեջ՝ «կհեռացնեմ գրողի ծոցը՝ սեփական դիմումիդ համաձայն»: Երեկ էլ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը, և դարձյալ չասվեց՝ արդյոք նա խախտումնե՞ր է թույլ տվել, հարկե՞րն էր սխալ հավաքում, թե՞ չէր տեղավորվում սահմանադրական բարեփոխումների շրջանակներում: Հետաքրքիր է՝ երբ կառավարությունը հայտարարում է, որ թափանցիկ է աշխատելու, ի՞նչ նկատի ունի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր