211652_close_icon
views-count2036 դիտում article-date 16:43 09-11-2016

Ռուսաստանից Հայաստան կժամանեն բժիշկներ, ովքեր խորհրդատվություններ կտրամադրեն Գյումրու և Շիրակի մարզի հիվանդներին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին։ Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրի երկարամյա համագործակցությունը` ինչպես առողջապահության նախարարությունների, այնպես էլ առանձին բժշկական կազմակերպությունների միջև։ Համատեղ իրականացվող բազմաթիվ ծրագրերից դեսպանն ընդգծել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում ռուսական ծրագրի շրջանակում Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, այդ թվում` շարժական բժշկական-ախտորոշիչ երկու կենտրոնի նվիրաբերումը: Սա լուրջ ներդրում է հանրապետության հեռավոր բնակավայրերի բնակչության և առաջին հերթին աշխատանքային միգրանտների ու նրանց ընտանիքների անդամների բժշկական սպասարկման բարելավման ոլորտում: Իվան Վոլինկինն անդրադարձել է համատեղ այլ ծրագրերի ևս։ Դրանցից մեկի շրջանակում այսօր Հայաստան կժամանեն Ռուսաստանի Դաշնության բժիշկներ, ովքեր խորհրդատվություններ կտրամադրեն Գյումրու և Շիրակի մարզի հիվանդներին։ Բարձր գնահատելով Ռուսաստանի Դաշնության հետ առողջապահության ոլորտում համագործակցության արդյունքները` Լևոն Ալթունյանն առաջարկել է երկու երկրի միջև զարգացնել հեռաբժշկությունը` մշտական մասնագիտական կապ ապահովելով թե՛ հիվանդանոցների, թե՛ նեղ մասնագետների միջև։ Նախարարը կարևորել է հատկապես Հայաստանի ծննդատների հեռակապը Ռուսաստանի Դաշնության առաջատար ծննդատների հետ։ Նախարարը և դեսպանը նշել են, որ բոլոր հիմքերը կան առողջապահության ոլորտում երկու երկրի հարաբերությունները զարգացնելու համար։

Նմանատիպ նյութեր