211652_close_icon
views-count2485 դիտում article-date 10:32 10-11-2016

Նախագահ Թրամփը շեշտակիորեն տարբերվելու է միլիարդատեր Թրամփից. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երեկ մետրոյում ինձ մի մարդ մոտեցավ և, իր խոսքերով, «մասնագիտական» մի հարց տվեց՝ «կարո՞ղ է Թրամփը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Ես ասացի, որ դա բացառված է. իմ պատկերացմամբ՝ դա հակասում է Միացյալ Նահանգների ազգային շահերին, որոնց բաղկացուցիչ մասն է Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերություններ ունենալը (որքան էլ դա ցավալի լինի մեզ համար): Փոխարենն ինձ թվում է, որ նույն այդ շահերից բխում է Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ հարաբերությունների հաստատումը և Արցախի հարցի «ռուսական սցենարներին» հակադրվելը: Բայց ես, բնականաբար, մետրոյի աղմուկի մեջ այս ամենը չէի կարող բացատրել, պարզապես ասացի՝ «բացառված է»: Բայց իմ զրուցակիցը բերեց իր փաստարկը. «Բայց կարող է, այնուամենայնիվ, ճանաչի, նա ասում է՝ ոչ մի մուսուլման էս երկիր չպիտի մտնի»: Իհարկե, Թրամփը բառացի նման բան չէր ասել, բայց նախընտրական արշավի ժամանակ արել էր մի քանի «հակամահմեդական» հայտարարություններ, ինչի պատճառով այդ կրոնը դավանող ամերիկացիները ձայն են տվել Քլինթոնին: Ավելին՝ հօգուտ իմ զրուցակցի կարող եմ բերել Թրամփի դժգոհությունները որոշ դաշնակիցներից, որոնք իրենց դաշնակցի նման չեն պահում: Համատեքստից կարելի է հասկանալ, որ նկատի ուներ Թուրքիան և Սաուդյան Արաբիան, որոնք թաքնված կամ անթաքույց ձևով աջակցում են իսլամիստ ծայրահեղականներին: Սակայն այստեղ առաջ է գալիս ամենակարևոր հարցը. այն, ինչ ասել է նախագահի թեկնածու Թրամփը, շեշտակիորեն տարբերվելու է նրանից, ինչ անելու է նախագահ Թրամփը: Նա, այո, «ոչ համակարգային» դեմք է, բայց համակարգը, ներկայիս քաղաքական վերնախավը, այդ թվում կոնգրեսականներն ու սենատորները «կբացատրեն» նրան, որ ԱՄՆ նախագահը, որքան էլ ունենա քաղաքացիների աջակցությունը, ու որքան էլ այդ քաղաքացիները ձանձրացել են ամերիկյան քաղաքական և տնտեսական վերնախավից (իսկ Թրամփը հենց այդպիսի՝ վստահություն վայելող նախագահ է), նա միևնույն է՝ պետք է խաղա որոշակի կանոններով: Օրինակ՝ թեկնածու Թրամփն ասում էր, որ պետք է աջակցել Ասադին, որ նա մնա իշխանության գլուխ, բայց Միացյալ Նահանգները դա չի անի: Նա ասում էր՝ պետք է եղբայրանալ Պուտինի հետ, բայց իր երկիրը ներկայիս Ռուսաստանի դաշնակիցը չի դառնա, թեև, հուսանք, այսօրվա ծայրահեղ լարվածությունը կթուլանա: Թեկնածու Թրամփը վիրավորել է Անգելա Մերկելին, բայց Գերմանիան և ԱՄՆ-ը, հակառակը, կմնան կայուն դաշնակիցներ: ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ տեկտոնիկ փոփոխություններ չեն լինի: Նախընտրական հռետորաբանությունը շատ արագ կմոռացվի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր