211652_close_icon
views-count3113 դիտում article-date 16:39 10-11-2016

Գալուստ Սահակյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին եւ հանձնաժողովի անդամներին: Ողջունելով հյուրերին՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստի անցկացումը, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է համագործակցության ամրապնդման ու զարգացման երկուստեք պատրաստակամությունը: Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն ունեն բազմադարյա եւ հարուստ պատմություն, որոնք ամուր հիմք են հանդիսանում երկու երկրների ռազմավարական փոխգործակցության համար: Արժեւորելով միջխորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ այդ հարցում նշանակալի ավանդ ունի Միջխորհրդարանական հանձնաժողովը, որն իր հերթին արդյունավետ համակարգում է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի փոխհարաբերությունները: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, ինչը լայն հնարավորություններ է ստեղծել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունեցող բարեկամությունը, միջխորհրդարանական համագործակցությունը: Գալուստ Սահակյանն ու Նիկոլայ Ռիժկովը համոզմունք են հայտնել, որ նիստի քննարկումները կլինեն արդյունավետ եւ կհամապատասխանեն այն դաշնակցային փոխգործակցությանը, որը գոյություն ունի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ հասարակական եւ քաղաքական կյանքում ունեցած ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վոլոդյա Բադալյանին, ով երկար տարիներ նշված հանձնաժողովում արդյունավետ աշխատում է:

Նմանատիպ նյութեր