211652_close_icon
views-count4243 դիտում article-date 23:20 15-11-2016

Լեհաստանի Կուրուվ քաղաքում հայազգի նշանավոր գործիչ, «Սպիտակ Արծիվ» շքանշանի ասպետ Գժեգոժ Պիրամովիչի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել

Նոյեմբերի 14-ին Լեհաստանի Կուրուվ քաղաքում տեղի ունեցան Լեհաստանի պատմության նշանավոր գործիչներից մեկի՝ Լեհաստանի կրթության նախկին նախարար, բանաստեղծ, հոգևորական, Լեհաստանի՝ բարձրագույն «Սպիտակ Արծիվ» շքանշանի ասպետ, հայազգի Գժեգոժ Պիրամովիչի (Փիրումյան) մահվան 215-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Գժեգոժ Պիրամովիչը նաև հանդիսանում է Լեհաստանի առաջին Սահմանադրության տեքստի համահեղինակներից մեկը: Միջոցառումներին մասնակցելու նպատակով Կուրուվ ժամանած Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Կուրուվի վույտ (համայնքի ղեկավար) Ստանիսլավ Վոյչիխը, տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ, քաղաքի բազմաթիվ մտավորականներ մասնակցեցին Գժեգոժ Պիրամովիչի հիշատակին մատուցված Սուրբ պատարագին: Ներկաներին ուղղված իր խոսքում ՀՀ դեսպանը նշեց, որ հպարտություն է ապրում` իմանալով հայազգի նշանավոր գործիչների՝ Լեհաստանի պատմության մեջ ունեցած ակնառու և բացառիկ դերակատարության մասին, որոնց թվին է դասվում նաև պետական, հասարակական և կրոնական գործիչ Գժեգոժ Պիրամովիչը: Այնուհետև, դեսպան Ղազարյանը և Կուրուվի վույտ Ստանիսլավ Վոյչիխը ծաղիկներ են զետեղել և հարգանքի տուրք մատուցել Գժեգոժ Պիրամովիչի և նրա մոր՝ եկեղեցու բակում զետեղված հուշատախտակների առջև: ՀՀ դեսպանը Կուրուվի վույտի ուղեկցությամբ այցելել է նաև քաղաքի թանգարան, որտեղ ներկայացված ցուցանմուշներն առավելապես վերաբերում են Գժեգոժ Պիրամովիչի կյանքին և գործունեությանը:

Նմանատիպ նյութեր