211652_close_icon
views-count7784 դիտում article-date 21:24 18-11-2016

Կլուծարվի ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ը

Ի կատարումն ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների, պետական կառավարման ապարատի օպտիմալացման նպատակով, ինչպես նաև պետական կառավարման մարմնին վերապահված գործառույթների արդյունավետ իրականացման և ծախսերի նվազեցման հանգամանքով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ: Եվ այսպես՝ համապատասխան որոշմամբ կլուծարվի ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ը, և կստեղծվի Գների ուսումնասիրության և վերլուծության գործակալություն: Արդյունքում պետական կառավարման մարմնին վերապահված գործառույթը կիրականացվի 15 հաստիքային միավորի հաշվին՝ 36-ի փոխարեն, ինչն էլ իր հերթին կհանգեցնի պետբյուջեի ծախսերի նվազեցման: Մասնավորապես, վերոնշյալ ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կնվազեն մոտ 50 մլն ՀՀ դրամով: Կառավարության մեկ այլ որոշմամբ կլուծարվի «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ն, որի հիմնական գործառույթն առցանց տարբերակով (armef.com կայքի միջոցով) տնտեսական, գիտական և վերլուծական հրապարակումներ թողարկելն է. պետբյուջեից այդ նպատակով 2016թ. տրամադրվել է 99312.5 հազար ՀՀ դրամ սուբսիդիա: Ընկերության գործառույթները կիրականացնի ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմը: Գործադիրի համապատասխան որոշմամբ կդադարեցվի «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը: Հիմնարկի գործառույթները կանցնեն ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեին: Առաջին փուլով նախատեսվում է 60 մլն ՀՀ դրամի տնտեսում: Հաշվի առնելով միևնույն գործառույթներն իրականացնող մարզադպրոցների օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականը, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության նպատակահարմարության և գործառույթների չկրկնվելու անհրաժեշտությունը՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ: Ըստ այդմ, միացման ձևով կվերակազմավորվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության գործող մի շարք ՊՈԱԿ-ներ՝ նույն գործառույթներ իրականացնող վեց մարզադպրոցների թիվը կդառնա երեք: Արդյունքում կտնտեսվի մոտ 20-25 մլն ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր