211652_close_icon
views-count2610 դիտում article-date 23:24 29-11-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է ձկնաբուծության ոլորտի մի շարք ներկայացուցիչների

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանին և միության մի շարք անդամների: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: «Մենք պարբերաբար կազմակերպում ենք հանդիպումներ ոլորտի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ, որպեսզի վեր հանենք բոլոր խնդիրները և քննարկենք, թե ինչ իրատեսական քայլեր կարելի է ձեռնարկել դրանց լուծման համար և ինչպիսի օրենսդրական փոփոխություններ են հարկավոր ոլորտի բարելավման համար», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Տեղեկացնելով, որ օրերս կայացել է հանդիպում «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության անդամների հետ` նախարարը հույս է հայտնել, որ ոլորտում գործող տարբեր կազմակերպությունների հետ հանդիպումները թույլ կտան բազմակողմանի ուսումնասիրել կուտակված խնդիրները` դրանց լուծումներ տալու ակնկալիքով: Այնուհետև հանդիպման մասնակիցները ներկայացրել են ձկնաբուծության ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ձկան կերի գնին, ջրի վարձավճարներին, ձկնաբուծարաններում օգտագործվող ջրի կիսափակ համակարգի կիրառման արդյունքում հավելյալ էլեկտրաէներգիայի օգտագործմանը: Ձկնաբուծության ոլորտի ներկա խնդիրներն առավել հանգամանորեն ուսումնասիրելու նպատակով հանդիպման մասնակիցներն առաջարկել են ստեղծել աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն ներկայացուցիչներ բոլոր շահագրգիռ գերատեսչություններից և կազմակերպություններից: Բացի այդ, առաջարկվել ստեղծել մեկ միասնական շուկա, որում տեղական արտադրողները հնարավորություն կունենան մեծածախ գներով իրացնել իրենց արտադրանքը: Առաջարկ է հնչել նաև Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառում նախաամանորյա շրջանում «ձկնամթերքի օրեր» կազմակերպել՝ արտադրանքի վաճառքը խթանելու նպատակով: Անդրադարձ է կատարվել նաև տեղական ձկնաբուծական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտահանման ապահովագրությանը, արտասահմանյան շուկայում գործարար կապերի ընդլայնմանն ու միջազգային ցուցահանդեսներում հայ ձկնարտադրողների ավելի ակտիվ մասնակցությանը, ինչպես նաև տեղական արտադրանքի արտահանմանն առնչվող հարցերին: Այս համատեքստում հանդիպման մասնակիցներին տեղեկացվել է, որ ձկնամթերքի արտահանումն ավելի արդյունավետ կազմակերպելու և այդ նպատակով արտահանման սերտիֆիկատներ ստանալու համար արտադրողները կարող են դիմել «Տոնուս-Լես» ընկերությանը, որի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը ընդունվում է եվրոպական երկրներում: Այս խնդիրն ավելի մանրամասն քննարկելու համար առաջարկվել է կազմակերպել հանդիպում «Տոնուս-Լես» ընկերության ղեկավարության և ձկնարտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր