211652_close_icon
views-count5125 դիտում article-date 16:44 30-11-2016

Ձյան տեղումներին զուգահեռ «Սանիթեք» ընկերությունն աշխատելու է 24-ժամյա ռեժիմով

«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ վաղը՝ դեկտեմբերի 1-ին, կանխատեսվող ձյան տեղումներին զուգահեռ ընկերությունն իրականացնելու է ձնամաքրման աշխատանքներ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում՝ ապահովելով քաղաքացիների ազատ տեղաշարժը նախևառաջ կենտրոնական փողոցներում, այնուհետև նաև երկրորդական փողոցներում և բակերում: Բոլորովին նոր մեքենա-սարքավորումներով համալրված տեխնիկական կազմը՝ նախատեսված ձնամաքրման աշխատանքներն օպերատիվ և որակյալ կազմակերպելու համար, ինչպես նաև 400-ից ավելի աշխատակիցներ կազմ ու պատրաստ են աշխատելու ձյան տեղումների պայմաններում 24-ժամյա գրաֆիկով: Հավելենք նաև, որ այս պահին պահեստավորված է ավելի քան 2000 տոննա աղ փողոցներն ու մայթերը մշակելու համար: Տեխնիկական աջակցության ավտոպարկը պատրաստ է սպասարկել 33-ից ավելի մեքենա-սարքավորումները 24 ժամ: Միաժամանակ ընկերությունը հորդորում է Երևան քաղաքի բնակիչներին հնարավորության սահմաններում մասնակից լինել հատկապես բակերի ձյան մաքրման աշխատանքներին կամ պարզապես օգնել «Սանիթեքի» թիմին՝ որևէ խնդիր նկատելու դեպքում զանգահարելով թեժ գծի՝ 80-90 հեռախոսահամարին, գրելով «Սանիթեքի» պաշտոնական էջին Ֆեյսբուք սոցիալական ցանցում կամ զանգահարելով ընկերության հաղորդակցական թիմին 099 58 80 90 հեռախոսահամարով: «Սանիթեք» ընկերությունը պարբերաբար զեկուցելու է Երևանի բնակիչներին ձնամաքրման աշխատանքների ընթացքի, ինչպես նաև որոշ փողոցներում ձնամաքրման աշխատանքների ժամային գրաֆիկի մասին: «Սանիթեք» ընկերությունը հորդորում է Երևանի բնակիչներին աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված որևէ խնդիր նկատելու դեպքում զանգահարել ընկերության թեժ գծի 80-90 հեռախոսահամարին կամ նամակ ուղարկել ընկերության պաշտոնական էջին Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Նմանատիպ նյութեր