211652_close_icon
views-count2508 դիտում article-date 11:13 02-12-2016

Նախաձեռնությունը հետաքրքիր է, տեսնենք, թե ինչի է այն վերածվելու. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, ըստ ամենայնի, կհայտարարեն առաջիկա ընտրություններում միասնական դաշինքով գնալու մասին: Անկախ ամեն ինչից՝ դա, իմ կարծիքով, դրական փաստ է: Դրական է, որ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը կարողացան մոռանալ վերջերս իրենց մեջ բռնկված կիսաանձնական բանավեճը: Քաղաքականությունն իրար սիրելու, իրարից նեղանալու և, ի վերջո, «լավ տղա լինելու» տեղը չէ: Քաղաքականությունը ծրագրեր իրականացնելու տեղ է: Դրական է, որ որոշել են մեկտեղել իրենց ռեսուրսները: Բնականաբար, այն ընդդիմադիրները, որոնք չեն կարող կամ չեն ուզում միավորվել, կասեն, որ դա «իշխանության պրոյեկտն» է: Չգիտեմ՝ ինչպես ասում են, մոմ չեմ պահել: Բայց ինձ թվում է՝ իշխանությանը շատ ավելի ձեռնտու է, երբ քաղաքական գործիչները ոչինչ չեն անում՝ բացի կախելու, քառատելու և վառելու կոչեր հնչեցնելուց: Այո, հասարակության մեծ մասին այդ հռետորաբանությունը դուր է գալիս, բայց դրանք ընդամենը օդի տատանումներ են, որոնցից իշխանությունն ամենևին չի վախենում, «խուճապի մեջ» չի հայտնվում: Դրանք անատամ տատիկի անեծքներ են, որոնք մեղսունակ մարդու մոտ կարող են միայն ժպիտ առաջացնել: Շատ ավելի հեռանկարային է մանրակրկիտ, ամենօրյա աշխատանքը՝ տեղական կառույցներ ստեղծելով, սեփական ռեսուրսները իրատեսորեն հաշվարկելով, քաղաքականության, հասարակության, կյանքի ընկալման այլընտրանքային ստանդարտներ ներկայացնելով: Արդյոք դա՞ են պատրաստվում անել վերոհիշյալ երեք կուսակցությունները՝ ես դարձյալ չգիտեմ, բայց վաղ թե ուշ քաղաքական ուժերը դրան գալու են: Այո, կուսակցական, նախընտրական դաշինքները Հայաստանում սովորաբար տխուր ճակատագիր ունեն: Ցանկացած հարաբերական անհաջողության դեպքում դրանք փլուզվում են, սկսվում են ներքին գզվռտոցը, փոխադարձ մեղադրանքները և այլն: Իհարկե, ոչ մի իրավունք չունեմ կուսակցականներին խորհուրդներ տալու, բայց եթե նրանք կարողացել են հաղթահարել սեփական ամբիցիաները և գտնել համագործակցության եզրեր, ապա գուցե ավելի հեռուն գնան և երեք կուսակցություններից ստեղծեն մե՞կ կուսակցություն: Բոլոր դեպքերում նախաձեռնությունը հետաքրքիր է, տեսնենք, թե ինչի է այն վերածվելու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր