Գերմանիայի պաշտպանության նախարարի՝ Սաուդյան Արաբիայում հիջաբից հրաժարվելը բուռն քննարկումների ալիք է բարձրացրել
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Սաուդյան Արաբիա կատարած աշխատանքային այցելության ժամանակ հրաժարվել է հիջաբ կրել, գրում է Independent թերթը։
Նա հայտարարել է, որ համաձայն չէ կանանց հանդեպ խտրականություն սահմանող օրենքի հետ, որը պարտադրում է այնտեղ բնակվողներին ու երկիր մուտք գործող օտարերկրյա կանանց ծածկել գլուխը։
Իր գործընկեր Մուհամմեդ իբն Սալման Ալ Սաուդի հետ հանդիպմանը Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եկել էր կոստյումով և տաբատով։
«Ես փորձում եմ հետևել կանոններին, սակայն չափ գոյություն ունի, թե որքանով կարող եմ հարմարվել տվյալ երկրի ավանդույթներին։ Չեմ ծածկում գլուխս և տաբատ եմ կրում, իմ պատվիրակությունից և ոչ մի կին նույնպես պարտավոր չէ հիջաբ կրել»,-ասել է նա։
Սոցցանցերում գերմանացի նախարարի տեսքը բուռն քննարկումների առիթ է դարձել, մի մասը հիացած է նրա պահվածքով, մյուս մասը՝ վրդովված։ Վերջիններս նշում են, որ այլ պարագայում մեկ այլ կնոջ անպայման կձերբակալեին։