211652_close_icon
views-count2446 դիտում article-date 19:45 07-05-2019

Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկումը բուռն քննադատությունների ալիք է բարձրացրել երկրում

Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկումը բուռն քննադատությունների ալիք է բարձրացրել երկրում։ Միջանկյալ հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում Ստամբուլում հաղթել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, սակայն իշխող քաղաքական ուժը ոչ մի կերպ չկարողացավ համակերպվել այդ պարտության հետ։ ԺՀԿ-ական պատգամավոր Գամզե Թաշչըերը ընտրության արդյունքների չեղարկման առթիվ հետևյալ գրառումն է արել․ «Այս խայտառակությունը պատմության մեջ կմնա որպես ԿՀԸ-ի կողմից կատարված հեղաշրջում»։ Թուրքիայի Սահմանադրական դատարանի նախկին զեկուցող Օսման Ջանը ԿԸՀ-ի որոշման վերաբերյալ հայտարարել է․ «Ափսոս, շատ ափսոս, ԿՀԸ։ Այսօր ԿԸՀ-ն ու ընտրատուփերը գրեթե վերջին վստահելի կառույցն ու համակարգն էին։ Դրանք էլ ոչնչացան, հանուն ինչի՞»։ Նախագահի նախկին թեկնածու ԺՀԿ-ական Մուհարրեմ Ինջեն հայտարարել է, որ ԿԸՀ-ի որոշումը ոչ մի իրավական հիմք չունի։ «Այս անգամ Էքրեմ Իմամօղլուն կհաղթի ավելի քան 60 տոկոս ձայներով, բայց պարտվողը արդեն նրա մրցակից թեկնածուները չեն լինելու»։ ԺՀԿ փոխնախագահ և պատգամավոր Օնուրսալ Ադըգյուզելը հետևյալ գնահատականն է հնչեցրել․ «Փաստորեն թույլատրվում է իշխող կուսակցության ընտրապայքարի մեջ մտնել, բայց հաղթելն արգելվում է։ Սա բացահայտ բռնատիրություն է»։ ԺՀԿ-ի մեկ այլ պատգամավոր Մեհմեթ Բաքարօղլուն, Twitter-ում արձագանքելով Ստամբուլում ընտրությունների արդյունքների չեղարկմանը, գրել է․ «Սա խայտառակություն է։ Սա իրավունքի սպանդ է։ Թուրքիայի ժողովրդավարությունն այսպիսով ուժգին հարված ստացավ»։ Ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավոր Ահմեթ Շըքը գրել է. «2019թ․ մայիսի 6, Թուրքիայում կրկին հեղաշրջում եղավ»։ «Saadet» կուսակցությունից մարտի 31-ի ընտրություններում Անթալիայի քաղաքապետի թեկնածու առաջադրված Ալի Աքթաշը ԿԸՀ-ի որոշման վերաբերյալ հետևյալ գնահատականն է հնչեցրել․ «ԿԸՀ որոշումը ժողովրդավարությանն ու ժողովրդի կամքին բացեիբաց հասցված հարված է։ Ոչ թե իրավունքի ու բանիմացության, այլ քաղաքական մերձեցման հիման վրա ընդունված այս հիմար որոշումը այն ընդունողների խայտառակությունն է լինելու»։ Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունները նշանակվել են հունիսի 23-ին։ Աղբյուրը` [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/05/07/%D5%8D%D5%BF%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/154309]Ermenihaber.am[/url]

Նմանատիպ նյութեր