211652_close_icon
views-count3132 դիտում article-date 23:38 20-12-2016

Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերը հանձնեց Էստոնիայի Հանրապետության նախագահին

Դեկտեմբերի 20-ին համատեղության կարգով Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) իր հավատարմագրերը հանձնեց Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստան-Էստոնիա հարաբերությունների օրակարգային հարցերը: Դեսպան Մկրտչյանը Նախագահին ներկայացրեց առաջիկայում նախատեսվող ծրագրերը՝ քաղաքական երկխոսության խորացման, մշակութային համագործակցության և տնտեսական դիվանագիտության ակտիվացման ուղղություններով: Զրուցակիցները նաև անդրադարձան ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ այն կստորագրվի մոտ ապագայում: Հայաստանի դեսպանը Էստոնիայի նախագահին ներկայացրեց ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան և դրա հետևանքները, վերջինիս կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականցված ռազմական հանցագործությունները՝ ընդգծելով, որ պաշտոնական Բաքուն անտեսում է միջնորդների ջանքերը և հետ է կանգնում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Իր հերթին Նախագահ Կալյուլայդը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում էստոնական փորձը Հայաստանի հետ կիսելու պատրաստակամություն հայտնեց:

Նմանատիպ նյութեր