211652_close_icon
views-count3156 դիտում article-date 16:02 09-01-2019

Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերը հանձնեց Իրաքի Հանրապետության նախագահին

Հունվարի 8-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերը հանձնեց Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին (Barham Salih)։ Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ Սալեհին փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպան Փոլադյանը հավաստիացրեց, որ առօրյա աշխատանքային օրակարգն է լինելու երկկողմ բազմաբնույթ համագործակցության խորացումն ու զարգացումը` խոստանալով ջանք չխնայել հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և խորացման համար: Դեսպան Փոլադյանը նշեց, որ ներկայում Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը հասնում է մոտ 120 մլն ԱՄՆ դոլարի, իսկ 2018թ-ին Հայաստան է այցելել մոտ 5000 իրաքցի զբոսաշրջիկ և որ այդ քանակը կարող է աճել։ Ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթելով կարևոր և պատասխանատու առաքելության մեջ, նախագահ Բարհամ Սալեհն անդրադարձավ նաև հայ համայնքի մեծ դերակատարությանը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում՝ նշելով, որ իրաքահայ համայնքը պատմական արմատներ ունի այս երկրում և Իրաքի մշակութային ժառանգության ստեղծողներից մեկն է հանդիսանում։ Նա նաև կոչ արեց Հայաստանին մասնակցել Իրաքի վերականգնման աշխատանքներին։ Հավատարմագրերի հանձնումից հետո Իրաքում ՀՀ դեսպանությունում հավատարմագրերի հանձնման առիթով տեղի ունեցավ ընդունելություն։ Դեսպան Փոլադյանը ներկաներին շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար, մատնանշեց միմյանց հետ փոխգործակցելու կարևորությունը և ընդգծեց իրենց աջակցության անհրաժեշտությունը` դեսպանության ծրագրերի կյանքի կոչման գործում։

Նմանատիպ նյութեր