211652_close_icon
views-count2840 դիտում article-date 15:46 19-01-2017

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանինն է. մոտակա գագաթաժողովում այս հարցում հստակություն կլինի. Շավարշ Քոչարյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Հարցին՝ Հայաստանին չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ իր ներկայացուցիչը չի գլխավորում ՀԱՊԿ-ը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Նախ, ճիշտ հասկանանք ինչ է կատարվել: Առաջինը՝ ընդունվել է որոշում, համաձայն որի՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով պետք է փոխարինվի: Եվ եթե ռոտացիան ուժի մեջ է մտնում, համաձայն ռուսական այբուբենի, առաջինը Հայաստանն է: Այդ որոշումը կայացվել էր, նախորդ տարի նաև արձանագրվել էր, որ ռոտացիան պետք է մտնի ուժի մեջ այս տարվա հունվարի մեկից և ՀԱՊԿ քարտուղարը պետք է լիներ Հայաստանի ներկայացուցիչը»: Շավարշ Քոչարյանի խոսքով, սակայն, Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ այդ հարցի վերաբերյալ համաձայնության չեն եկել, հաջորդ գագաթաժողովին չի մասնակցել Բալառուսի նախագահը: Այդ պատճառով ոչ թե նոր գլխավոր քարտուղար է նշանակվել, այլ պաշտոնակատար: «Մոտակա գագաթաժողովում այդ հարցում հստակություն կլինի, իսկ այդ տեղը Հայաստանինն է»,- ամփոփելով ասաց Շավարշ Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր