211652_close_icon
views-count5369 դիտում article-date 11:18 27-01-2017

Ինչո՞ւ Ֆինլանդիայում չկա կոռուպցիա. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Եթե ես ուզում եմ, որ իմ սենյակում մաքուր օդ լինի, ապա չպիտի ծխեմ։ Ոչ թե ծխեմ և բողոքեմ աղտոտված օդից։ Եթե ես դեմ եմ բռնությանը, ապա չպիտի գոռամ կնոջս, երեխաներիս և աշխատակիցներիս վրա։ Ձայնը բարձրացնելը նույնպես բռնություն է և «լավ տղու» հատկանիշ չէ. հակառակը մտածելով ես, ըստ էության, արդարացնում եմ ցանկացած բռնություն։ Եթե ես դեմ եմ կոռուպցիային, չպիտի փողով նյութեր գրեմ: Եվ այսպես շարունակ։ Ոչ ոք անհատապես կատարյալ չէ, պետական կարգն աշխարհի որևէ անկյունում դարձյալ կատարյալ չէ։ Մենք պետք է դա հիշենք՝ ինչ-որ մի բան արդարացնելիս կամ դատապարտելիս։ Պետության կարգը ձևավորվում է ոչ թե իշխանավորների կամքով, այլ ամեն մի քաղաքացու համոզմունքներով և վարքով։ Ընդհանուր առմամբ, վերացականորեն մարդիկ բացականչում են՝ «թալանչիներ», «գողեր», «տզրուկներ»։ Բայց երբ խոսքն իրենց հարազատի, բարեկամի, հարևանի մասին է. նրանք ասում են՝ «լավ է անում, աչքաբաց տղա է, բաշարում է, դու էլ բաշարի՝ դու էլ արա»։ Նաև երբեմն ավելացնում են՝ «անտեր, անօրեն երկիր է, պիտի մի ձև գլուխներս պահենք»։ Կասկած կա՞, որ այդպես ասող մարդիկ, եթե մտնեն իրավապահ, հարկային, մաքսային մարմիններ, դառնան նախարար կամ պատգամավոր, նրանք վարվելու են ճիշտ այնպես, ինչպես վարվում են իրենց կողմից քննադատված «թալանչիներն» ու «գողերը»»։ Ահա թե ինչ եմ վերջերս կարդացել այն մասին, թե ինչու Ֆինլանդիայում գործնականում չկա կոռուպցիա: 1/ Ֆինները չեն ձգտում ճոխության, նրանք կարծում են, որ ոսկե զուգարանակոնք կարող է ցանկանալ միայն կատարյալ տխմարը: 2/ Նրանք գիտեն, որ սեփական ժողովրդի հաշվին հարստանալը նշանակում է ատել այդ ժողովրդին: 3/ Նրանք համոզված են, որ բյուջեի փողերը գողանալը նույնն է, ինչ սեփական երեխաներին և թոռներին կողոպտելը: 4/ Նրանք վստահ են, որ գողը վախկոտ մարդ է, որը միշտ վախենում է բռնվելուց: 5/ Նրանք կարծում են, որ զավակներին ինչ-որ տեղ «դասավորելը» վնասակար է հենց երեխաների համար, որովհետև հետագայում խնդիրներ է ստեղծելու: Դե, հիմա եկեք տեսնենք, թե այդ 5 կետից որոնք են հոգեհարազատ մեր հասարակությանը: …Մեր խնդիրը խորանում է նաև նրանով, որ մեր գողերից շատերը ինչ-որ կերպ կարողացել են իրենց համոզել, թե իրենք գող չեն: Երբ հարկեր չմուծող օլիգարխը քննադատում է կոռումպացված չինովնիկներին, նա անկեղծորեն վստահ է, որ այդ չինովնիկներից ինչ-որ բանով տարբերվում է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր