211652_close_icon
views-count3124 դիտում article-date 10:45 08-02-2017

Նախագահն այն մարդը չէ, որի ձեռքում է «մեխն ու չագուջը». «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Թրամփն արգելել է իր երկիր մուտք գործել 7 մահմեդական երկրների քաղաքացիներին, ինչը, կարծում եմ, դասական պոպուլիզմի դրսևորում է` «ռասիստական թեքումով»: «Վախ` էս ինչ դուխով տղա է, էս սաղ մուսուլմաններին չի թողում մեր երկիր գան` մեր հացն ուտեն, այստեղ տեռոր անեն»: Միջին ամերիկացու նման հնարավոր արձագանքը հիմնված է տգիտության վրա: Բոլորի մասին մանրամասն տեղեկություններ չունեմ, խոսեմ մեր հարևան Իրանի մասին: Նախ` հայտնի չէ որևէ դեպք, երբ Իրանի որևէ քաղաքացի ահաբեկչություն իրականացներ Միացյալ Նահանգներում: Փոխարենը հայտնի են դեպքեր, երբ ԱՄՆ անվտանգությանը սպառնացել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիները, որոնց վրա Թրամփի արգելքը չի տարածվում: Երկրորդ` Իրանում ապրում են (2011 թվականի մարդահամարի տվյալներով) ավելի քան 117 հազար քրիստոնյաներ, այդ թվում` հայեր, ավելի քան 25 հազար զրադաշտականներ և ավելի քան 8 հազար հրեաներ: Իրանահայերի համար Թրամփի արգելքը, մեղմ ասած, անհարմարություններ է ստեղծել: Հազարավոր մեր հայրենակիցներ գնում են, մասնավորապես, Լոս Անջելես, մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս ապրում, հետո վերադառնում են Իրան` ճիշտ այնպես, ինչպես դա անում են հայաստանցիները: Իրանահայերից շատերը «գրին-քարտ» և սեփականություն ունեն ԱՄՆ-ում: Մենք ավելի լավ գիտենք հայերի մասին, բայց իրականում Թրամփի պոպուլիզմից տուժում են տարբեր կրոնների միլիոնավոր մարդիկ, և վստահ չեմ, որ շահում է Միացյալ Նահանգների անվտանգությունը: Բայց բացասաբար գնահատելով ԱՄՆ նախագահի պոպուլիստական հրամանագիրը` չեմ կարող դրական խոսքեր չասել այդ երկրի իրավական համակարգի մասին: Նախագահը հրամանագիր է ստորագրում, բայց գլխավոր դատախազը, մնացած դատախազները, ինչպես նաև դատարանները չեն վարանում օրինական ճանապարհով այն վիճարկել: Գլխավոր դատախազի պաշտոնակատար Սալի Յեյթսի համար դա ավարտվեց պաշտոնանկությամբ և նույնիսկ «դավաճանության» մեղադրանքով: Բայց կասկած չկա, որ Սալին կշարունակի ապրել և աշխատել՝ գուցե պետական համակարգից դուրս, նրան սեփականությունից չեն զրկի, նրա բարեկամների կրպակներում արտահերթ ստուգումներ չեն անցկացնի: Թրամփը նման լծակներ չունի: ԱՄՆ նախագահը, որքան էլ նա տվյալ դեպքում սխալ լինի, այն մարդը չէ, որի ձեռքում է «մեխն ու չագուջը». օրենսդիր և դատական իշխանություններն ունեն իրենց «չագուջները», նույնպիսի գործիքներ ունեն նաև նահանգները և տեղական ինքնակառավարումը։ Թրամփն ասում է՝ փող չեմ տա այն քաղաքներին, որոնք փախստականների են ընդունում, Չիկագոյի քաղաքապետն ասում է՝ հեչ էլ տաս, միևնույն է՝ շարունակելու եմ ընդունել։ Կարծում եք՝ Թրամփը չէ՞ր ցանկանա այդ քաղաքապետի «գլխին բամփել»։ Հատկապես Թրամփը հաստատ կցանկանար։ Պարզապես նա դրա հնարավորությունը չունի»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր