211652_close_icon
views-count5258 դիտում article-date 13:55 13-02-2017

Տեառնընդառաջ. Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն. երեկոյան եկեղեցիների բակում կվառվեն խարույկներ

Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում և իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և Ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ս. Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպես գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի Ս. Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում կատարվում է Նորապսակների օրհնության կարգ: Փետրվարի 13-ին՝ 17:30-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո, Արարատյան Հայրապետական թեմի հետևյալ եկեղեցիների բակում կվառվեն խարույկներ և ազգային երգուպարով, թատերական ներկայացումներով կնշվի ազգային տոնը: • Զորավոր Ս. Աստվածածին, • Երևանի Ս. Հովհաննես, • Կաթողիկե Ս. Աստվածածին, • Նորագավիթի Ս. Գևորգ, • Մալաթիայի Ս. Աստվածածին, • Քանաքեռի Ս. Հակոբ, • Նոր Նորքի Ս. Սարգիս, • Դավթաշենի Ս. Նահատակաց, • Սուրբ Երրորդություն, • Ավանի Ս. Աստվածածին, • Նոր Նորքի Ս. Աստվածածին, • Մրգավանի Ս. Հակոբ, • Բյուրավան Ս. Գրիգոր Լուսավորիչ, • Արարատի Ս. Հակոբ, • Վերին Արտաշատ Ս. Աստվածածին, • Ներքին Դվին Ս. Հարություն, • Մարմարաշենի Ս. Գևորգ, • Դալարի Ս. Աստվածածին, • Արևշատի Ս. Աստվածածին, • Շահումյանյի Ս. Աստվածածին, • Մասիսի Ս. Գևորգ, • Նորաբացի Ս. Աստվածածին, • Մասիսի Ս. Թադեոս • Կանաչուտի Ս. Գևորգ Փետրվարի 14-ին՝ ժամը 11-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ: Ավարտին կկատարվի Նորապսակների օրհնության կարգ:

Նմանատիպ նյութեր