211652_close_icon
views-count3147 դիտում article-date 10:50 16-02-2017

Մարդը կարող է 5 տարվա ընթացքում 3 անգամ երևալ խորհրդարանում, բայց հավակնի մանդատի ևս 5 տարով. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մեր Ընտրական օրենսգրքում ինչ-որ բան, այնուամենայնիվ, կատարյալ չէ: Նկատի ունեմ ոչ միայն «ռեյտինգայինը», որը ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս ջրի երես բարձրանալու հասարակության տիղմին: Ընտրակաշառքի, բարերարության և ողորմության սպասող հսկայական զանգվածի դեպքում չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր դրանից խուսափել: Ենթադրենք, քվեարկության օրը կամ դրանից 3-4 օր առաջ հնարավոր է դա կանխել իրավապահների միջոցով (եթե վերջիններս նման ցանկություն ունենան), իսկ ի՞նչ անենք, եթե որևէ «թագավոր ախպեր» 5 տարի շարունակ օգնություններ է բաժանել, հոգ տարել կարիքավորների համար, եկեղեցիներ կառուցել և այլն: Այո, նա չի արել դա անշահախնդիր՝ հակառակ դեպքում միլիոններ չէր ծախսի իր բարեգործությունը հեռուստատեսությամբ գովազդելու վրա: Դա արվել է, որպեսզի որոշակի X ժամի և, մասնավորապես, ընտրությունների ժամանակ դրա «տեղը հանի»: Բայց, կրկնեմ, չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր այդ մարդկանց «ողորմածությունը» կանխել: Բայց իմ մտահոգությունը նաև այլ է՝ ընտրված պատգամավորների ինքնաբացարկ հայտնելու մեխանիզմը: Վերցնենք թեկուզ ՀՀԿ ցուցակը: Ամենևին դեմ չեմ լինի, եթե, ասենք, Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը կամ Արմեն Ամիրյանը պատգամավոր դառնան՝ այդ մարդիկ, ի դեպ, հասարակության մեջ բացասական էմոցիաներ չեն առաջացնում: Բայց, որքան հասկանում եմ, նրանք չեն պատրաստվում պատգամավոր դառնալ, ուզում են մնալ գործադիրում և ընտրություններից հետո իրենց տեղը զիջելու են այլ մարդկանց, որոնցից ոմանք այլ էմոցիաներ են առաջացնում: Հետևաբար, ինձ թվում է, ցուցակներում պետք է գրել հե՛նց նրանց, ովքեր հավակնում են պատգամավորական մանդատների: Մեր օրենքները որևէ ձևով չեն սահմանափակում այն պատգամավորների հավակնությունները, որոնք նախորդ գումարման ժամանակ տապալել են իրենց աշխատանքը։ Մարդը կարող է 5 տարվա ընթացքում 3 անգամ երևալ խորհրդարանում, բայց հավակնի պատգամավորական մանդատի ևս 5 տարով։ Կամ 5 տարում չտա ոչ մի հարց, ոչ մի ելույթ չունենա, բայց դարձյալ ցանկանա նույնն անել հաջորդ գումարման ժամանակ։ Իհարկե, կասեք՝ ամենամեծ պատիժը նրա համար կլինի այն, որ նրան չընտրեն։ Բայց ամբողջ ցավն այն է, որ նրան ընտրում են ոչ թե օրենսդրական աշխատանքի, այլ «ողորմած» և «կառուցապատող» լինելու համար»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր