211652_close_icon
views-count3850 դիտում article-date 22:20 18-02-2017

Քննարկվել են պաշտպանական ոլորտում կրթական ծրագրերի իրականացման խնդիրներ

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում շարունակվում է Մյունխենի անվտանգության 53-րդ համաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ Համաժողովի շրջանակում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այսօր` փետրվարի 18-ին, հանդիպել է Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում ժամանակակից կրթական ծրագրերի իրականացման խնդիրները։ Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, ներկայացրել է Հայաստանի զինված ուժերում մեկնարկած նոր ծրագիրը, ըստ որի՝ զինծառայողներին հնարավորություն է տրվում ծառայության ընթացքում գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել նաև այնպիսի կարևոր ուղղություններում, ինչպիսին տեղեկատվական տեխնոլոգիաներն են։ Կողմերը համակարծիք են եղել, որ պաշտպանական հարցերում կրթական բաղադրիչը պետք է կարևոր դերակատարում ունենա։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ժամանակակից գլոբալ մարտահրավերներին և դրանց դիմակայելու անհրաժեշտությանը։ Համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 18-ին աշխատանքային քննարկումներ է ունեցել նաև Գերմանիայի, Սինգապուրի և Վրաստանի պաշտպանության նախարարների հետ։

Նմանատիպ նյութեր