211652_close_icon
views-count3008 դիտում article-date 17:41 22-02-2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևներ է հանձնել շախմատի Երևանի պատանեկան առաջնության հաղթողներին

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացված շախմատի 2017 թվականի Երևան քաղաքի պատանեկան առաջնության փակման հանդիսավոր արարողությանը: Շնորհավորելով առաջնության մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շախմատային նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ է մաղթել նրանց: «Պետք է փաստենք, որ այս մրցաշարի անցկացումը հրաշալի հնարավորություն է՝ բացահայտելու տաղանդաշատ մեր պատանիներին, ովքեր, համոզված եմ, հետագայում կշարունակեն հայկական շախմատի լավագույն ավանդույթները: Շախմատասեր մեր պատանիներին մաղթում եմ նորանոր հաջողություններ և ցանկանում, որ նրանք ոչ միայն Երևանի, այլև հանրապետության ու միջազգային մրցաշարերում գրանցեն հաղթանակներ՝ բարձր պահելով Հայաստանի ու քաղաքամայր Երևանի պատիվը: Թե՛ որպես Երևանի քաղաքապետ և թե՛ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ վստահեցնում եմ, որ հետևողականորեն շարունակելու ենք բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստելու են շախմատի զարգացմանը»,- նշել է Տարոն Մարգարյանն ու շնորհակալություն հայտնել նաև մրցաշարի կազմակերպիչներին: Չորս տարիքային խմբերով անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցել է 218 երեխա։ Հարկ է նշել, որ առաջնության հաղթողներն իրավունք են ստացել պայքարելու Հայաստանի չեմպիոնի կոչման համար: Շախմատի 2017 թվականի Երևանի պատանեկան առաջնության մրցանակակիրներին գավաթներն ու մեդալները հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր