211652_close_icon
views-count2886 դիտում article-date 15:02 23-02-2017

Տարոն Մարգարյանը պարգևատրել է շախմատի 2017թ. Երևանի պատանեկան առաջնության հաղթողներին:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ շախմատի Երևանի պատանեկան առաջնության փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա գտնվեցին Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանն ու Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը: Չորս տարիքային խմբերով անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցել է 218 երեխա: Շնորհավորելով առաջնության մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շախմատային նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ է մաղթել նրանց: «Պետք է փաստենք, որ այս մրցաշարի անցկացումը հրաշալի հնարավորություն է՝ բացահայտելու տաղանդաշատ մեր պատանիներին, ովքեր, համոզված եմ, հետագայում կշարունակեն հայկական շախմատի լավագույն ավանդույթները: Շախմատասեր մեր պատանիներին մաղթում եմ նորանոր հաջողություններ և ցանկանում, որ նրանք ոչ միայն Երևանի, այլև հանրապետության ու միջազգային մրցաշարերում գրանցեն հաղթանակներ՝ բարձր պահելով Հայաստանի ու քաղաքամայր Երևանի պատիվը: Ինչպես և խոստացել էինք, այսօր Երևանի բոլոր վարչական շրջաններն ապահովված են շախմատի հարմարավետ դպրոցներով, որոնք գործում են անվճար և հնարավորություն են տալիս մատաղ սերնդին ստանալ շախմատային լիարժեք կրթություն: Թե՛ որպես Երևանի քաղաքապետ և թե՛ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ վստահեցնում եմ, որ հետևողականորեն շարունակելու ենք բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստելու են շախմատի զարգացմանը»,– նշել է Տարոն Մարգարյանն ու շնորհակալություն հայտնել նաև մրցաշարի կազմակերպիչներին: Շախմատի 2017 թվականի Երևանի պատանեկան առաջնության մրցանակակիրներին գավաթներն ու մեդալները հանձնել է Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր