4274 դիտում
16:47 01-03-2017
Նարե Արղամանյանի մասնակցությամբ եզրափակվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը
Փետրվարի 28-ին կայացավ Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի եզրափակիչ երեկոն։ Փառատոնն այս տարի նվիրված էր հայ կոմպոզիտորական արվեստի երևելի կոմպոզիտորներից մեկին՝ Հարո Ստեփանյանին, և կրում էր Հարո Ստեփանյան-ֆեստ խորագիրը։ Փառատոնի երկու շաբաթ տևող համերգների ընթացքում երաժշտասեր ունկնդրին են ներկայացվել Հարո Ստեփանյանի սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։ Դրան զուգահեռ, արտացոլվել են հայ կոմպոզիտորական արվեստի մի քանի սերունդ՝ հայաստանաբնակ և սփյուռքի։
Փառատոնի փակման համերգի ծրագրում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչել են հատվածներ Վաչե Շարաֆյանի ՙԵրկրորդ լուսինը՚ բալետից, Էդուարդ Հայրապետյանի Դաշնամուրի կոնցերտը, համաշխարհային պրեմիերա, մենակատար՝ Նարե Արղամանյան (Ավստրիա), Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան ՙՄարդու ճակատագիրը՚, որը նվիրված է Էդվարդ Միրզոյանին:
Դաշնակահար Նարե Արղամանյանը նշում է, որ ուրախությամբ է կատարում մեր ժամանակների լավագույն կոմպոզիտորներից մեկի՝ Էդուարդ Հայրապետյանի Դաշնամուրի կոնցերտը։ Դաշնակահարուհու տեղեկացմամբ՝ 2016-ի հունիսին հանդիպել է կոմպոզիտորի հետ, տեսել Դաշնամուրի կոնցերտի նոտաները և որոշում կայացրել, որ այն պետք է անպայման կատարի։ Եվ առիթն ընձեռվեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը համախմբում է մեր լավագույն կոմպոզիտորներին և մենակատարներին։ Ըստ մաեստրո Սմբատյանի՝ երաժշտական այս նախաձեռնության ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ժամանակակից կոմպոզիտորները ստեղծագործություններ են գրում հատուկ այս փառատոնի համար։ ՙՓառատոնն անցկացվում է հանրապետության Նախագահի հովանու ներքո, ինչը մեզ վստահություն է ներշնչում, որ այն գործը, ինչին մեզ նվիրել ենք, անհրաժեշտ է մեր երկրին՚,- ասում է Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում անցած 7 տարիներին թվայնացրել են 50-ից ավելի հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ձայնագրել են ավելի քան 200 ստեղծագործություններ, իրականացել են հայ կոմպոզիտորների՝ 150-ից ավելի ստեղծագործությունների պրեմիերաներ:
Հիշեցնենք, որ Հայ կոմպոզիտորական արվեսի փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը։ Փառատոնի նպատակն է ձայնագրել, տեսագրել, թվայնացնել, պահպանել և զարգացնել մեր երաժշտական ժառանգությունը։
Հարո Ստեփանյան-ֆեստի փակման համերգն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է հանրահայտ LiveList.com կայքը։ Առցանց այս ռեսուրսը երաժշտասերներին է ներկայացնում միայն լավագույն համերգները՝ դասականից մինչև փոփ (Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Զուբին Մեթա, Սերժ Թանկյան, Ադել, Սելին Դիոն, Maroon 5 և այլն):
Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի փակման համերգի տեսագրությունը կարող եք դիտել հետևյալ [url=https://www.youtube.com/watch?v=5TdEPIRCJPk]հղմամբ[/url]։
Նմանատիպ նյութեր
899 դիտում
19:49 13-10-2014
Մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնը
1151 դիտում
18:46 13-10-2014
Մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնը
Այս բաժնից
2008 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
913 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21457 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու