211652_close_icon
views-count10432 դիտում article-date 21:30 26-03-2017

Կայացավ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական առաջին մրցանակաբաշխությունը

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` ս. թ. մարտի 25-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական առաջին մրցանակաբաշխությունը: Դասական ժանրում «Լավագույն ալբոմ» Ծիծեռնակին արժանացավ «Հին ու Նոր Երևան. 2798+»-ը, «Լավագույն երաժիշտ-կատարող»՝ Գևորգ Հակոբյանը, «Լավագույն երաժշտախումբ»՝ «Հարությունյան քառյակը»: Ժողովրդական ժանրում «Լավագույն ալբոմ» Ծիծեռնակին արժանացավ Հայրիկ Մուրադյանի «Մոկաց սարերը», «Լավագույն երաժիշտ-կատարող»՝ Կամո Սեյրանյան, «Լավագույն երաժշտախումբ»՝ «Շողակն» անսամբլ: Մասսայական ժանրում «Լավագույն ալբոմ» Ծիծեռնակին արժանացավ «Նաղաշը», «Լավագույն փոփ երաժշտախումբ»՝ «Դետք» բոյբենդ, «Լավագույն ջազ երաժշտախումբ»՝ Միքայել Ոսկանյան և ընկերներ,«Լավագույն ռոք երաժշտախումբ»՝ «The Beautified Project», «Լավագույն երաժիշտ-կատարող»՝ Մառբի (Մարինե Հակոբյան), «Տարվա Հիթ»՝ Իվետա Մուկուչյանի «Love wave»-ը, «Տարվա լավագույն տեսահոլովակ»՝ Միհրան Ծառուկյանի «Նամակ մայրիկին», «Տարվա լավագույն համերգային ծրագիր»՝ Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոցը»: Հայ կոմպոզիտորական արվեստում ծանրակշիռ ավանդի համար Հատուկ մրցանակի արժանացավ Ստեփան Շաքարյանը։ 2016 թվականին իրականացրած երաժշտական կարևոր ծրագրերի համար Հատուկ «Ծիծեռնակներ» ստացան Լևոն Մալխասյանը, Վաչե Շարաֆյանը, Վահագն Հայրապետյանը՝ «Հովեր» երգչախմբի հետ, ստամբուլահայ երգչուհի Սիբիլը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցության համար: «Նրանք, ովքեր այսօր հովանավորում են մշակույթը, իրականում հովանավորում են մեր երկրի ապագան։ Մենք այսօր նրանց ոչ միայն շնորհավորում ենք, այլև մեր շնորհակալությունն ենք հայտնում՝ մեր ապագայում ներդրումներ անելու համար»,-ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը նա այս անգամ Օպերային թատրոնի բեմ էր բարձրացել՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի Հատուկ մրցանակի առիթով։ «Ծիծեռնակի» արձանիկին Յիրիկյանն արժանացավ «մշտապես մշակույթի կողքին լինելու համար»: Ինչպես մրցանակային արձանիկի հեղինակ քանդակագործ Նուռը (Արման Դավթյան) ասաց՝ «Ծիծեռնակը ճախրող երաժշտության, հույսի և գարնան խորհրդանիշն է»:

Նմանատիպ նյութեր