211652_close_icon
views-count1194 դիտում article-date 19:40 27-03-2017

Հայաստանի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ ուղերձներ են փոխանակվել

Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Թիմո Սոինին ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում գոհունակությամբ նշում է, որ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ հարաբերությունները հիմնված են վստահության և հարգանքի բարձր մակարդակի վրա: Նախարար Նալբանդյանը շեշտում է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ֆինլանդիայի հետ համագործակցությանը: Նախորդ քսանհինգ տարիների ընթացքում մեր գործընկերությունը զարգացել է՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ: Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծում է, որ մենք արժևորում ենք համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ մեր ներդրումը բերելու գլոբալ ջանքերին՝ լուծումներ գտնելու ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին: Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ երկկողմ հարաբերություններում առկա մեծ ներուժի միայն մի մասն է դեռ օգտագործվել, և համոզմունք է հայտնում, որ համատեղ ջանքերով մեր պետությունների միջև գործընկերությունն առավել կամրապնդվի և կընդլայնվի: Թիմո Սոինին իր ուղերձում նշում է, որ Ֆինլանդիան և Հայաստանը ունեն երկարատև բարեկամական կապեր: Ֆինլանդիայի արտգործնախարարը շեշտում է, որ ավելի քան երկու տասնամյակի ընթացքում մեր երկկողմ համագործակցությունը ընդհանուր ձեռքբերումներ է ապահովել, և առկա են բոլոր պատճառները՝ դրանով հպարտանալու համար: Նախարար Սոինին ընդգծում է, որ Ֆինլանդիան ցանկանում է առավել ամրապնդել Հայաստանի հետ իր բարեկամական հարաբերությունները: Ֆինլանդիայի ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրում է Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակումը: Նախարար Սոինին վստահություն է հայտնում, որ նոր համաձայնագիրն առավել կամրապնդի Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների խորացումը:

Նմանատիպ նյութեր