65264 դիտում
20:05 31-03-2017
Շումախերական ավտովթար ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ. գեներալ-լեյտենանտի վարորդի տղան «ողջագուրվել է» գազախողովակի հենասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 02 ՕՏ 002 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք 1-ին զանգվածի Նանսենի փողոցում՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին, այնուհետև գազախողովակի համար տեղադրված երկաթե հենասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Սուրեն Ջաբաղյանը և տեսուչ Մանուկ Սիմոնյանը:
Դեպքի վայրում Երևան քաղաքի Լվովյան փողոցի 11 շենքի բնակիչ, 23-ամյա Հակոբ Գևորգյանը հայտարարել է, որ ավտոմեքենան ինքն է վարել:
Վթարի վայրում հավաքվածները ասում էին, որ նրա հայրը ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանի վարորդն է, իսկ քաղաքում գրեթե բոլորը գիտեն, որ այդ համարանիշներով շրջում են գեներալի մտերիմներն ու ազգականները:
Կան տեղեկություններ նաև, որ վթարի պատճառը եղել է այն, որ վարորդը իր 2 ընկերների հետ ռալլի է կազմակերպել՝ ժողովրդի լեզվով ասած՝ 2 այլ ավտոմեքենաներով «գոնկա են կպել», սակայն շումախերական վարելու հետևանքով տեղի է ունեցել վթար:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+