211652_close_icon
views-count6422 դիտում article-date 10:45 20-04-2017

«Սառը պատերազմ» չկա. կա աղքատ, թերզարգացած երկրի դիմակայելու փորձերը աշխարհի հզորներին. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Վերջերս շատ է խոսվում Արևմուտքի և Ռուսաստանի միջև վերսկսված «սառը պատերազմի» մասին: Չեմ կարծում, որ դա ճշգրիտ բնորոշում է: Եթե խոսքն այն «սառը պատերազմի» մասին է, որի մեկնարկը տրվեց 1946 թվականին Չերչիլի Ֆուլթոնյան ճառով, ապա նմանությունները քիչ են: Գլխավոր տարբերությունն այն է, որ Խորհրդային Միության և Արևմուտքի միջև «սառը պատերազմը», իսկ այնուհետև՝ սպառազինությունների մրցավազքը տեղի էր ունենում տնտեսական և ռազմական ներուժի առումով համադրելի միավորների միջև, գումարած դրան՝ Խորհրդային Միությունն ուներ բազմաթիվ դաշնակիցներ (արբանյակներ) Եվրոպայում, որտեղ պահում էր իր զորքը, ինչպես նաև Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներում: Այսօր Ռուսաստանը նույնիսկ Բելառուսի և Ղազախստանի վերաբերյալ չի կարող 100 տոկոսով վստահ լինել: Իսկ եթե խոսենք տնտեսական ներուժի մասին, ապա հանած գազը և նավթը՝ Ռուսաստանն իր տնտեսության «հզորությամբ» հավասար է Թուրքիային: Այո, Ռուսաստանը միջուկային տերություն է, բայց ինձ թվում է՝ 21-րդ դարում միջուկային մահակը թափահարելն այնքան էլ արդյունավետ մարտավարություն չէ՝ դա ավելի շուտ Հյուսիսային Կորեայի նման «ոչ ադեկվատ» պետությունների ոճն է: «Սառը պատերազմ», հետևաբար, չկա: Կա աղքատ, տեխնոլոգիապես թերզարգացած երկրի դիմակայելու փորձերը աշխարհի հզորներին: Այդ փորձերն առանձնապես հաջող չեն՝ Ռուսաստանը չկարողացավ մարսել Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը: (Մինչդեռ Միացյալ Նահանգները մարսեց, մասնավորապես, Իրաքի և Լիբիայի ավերումը): Պուտինը փորձեց հակախաղ գտնել Սիրիայում՝ հաշվի առնելով, որ Բաշար Ասադին այս պահին ձեռնտու է լինել Ռուսաստանի դաշնակիցը: Մտնելով այդ խաղի մեջ` Ռուսաստանը հույս ուներ Միջին Արևելքում դառնալ գործոն, որի հետ հաշվի կնստեն: Որոշ ժամանակ դա, կարծես, հաջողվում էր՝ Օբամայի վարչակազմը թեև դժգոհ էր, բայց կտրուկ քայլեր չէր ձեռնարկում: Եկավ Թրամփը, որը սկզբում թվում էր, թե Պուտինի գրեթե եղբայրն է, բայց իրականում ավելի կարծր դիրքորոշում ունի Սիրիայի հարցում: Տրամաբանական է ենթադրել, որ Ռուսաստանն ի վերջո ստիպված կլինի Ասադին «հանձնել» և Սիրիայից գնալ (գուցե կիրառելով «դեմքը փրկելու ինչ-ինչ հնարքներ): Որևէ լավ բան Սիրիայի և մասնավորապես սիրիահայության համար դա, կարծում եմ, չի խոստանում: Եթե Սիրիայում տերուտիրականը դառնա, այսպես կոչված, «զինված ընդդիմությունը», որն ակնհայտորեն թուրքամետ ուղղվածություն ունի, ապա քրիստոնյաների, քրդերի, եզդիների և շիաների վիճակին չես նախանձի: Միացյալ Նահանգներն այդպիսով կիրականացնի Սիրիան վերջնականապես ավերելու իր ծրագիրը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր