ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող «Կարլ Վինսոն» միջուկային ավիակրի գլխավորությամբ հարվածային խումբը մտել է Ճապոնական ծովը։ Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով Ճապոնիայի ՊՆ-ի իր աղբյուրին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածային ավիակիր խումբն անցել է Ցուսիմիի նեղուցով այսօր՝ ապրիլի 29-ի առավոտյան։ Նրան ուղեկցել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ավիակիր խումբը։
Ամերիկյան ավիակիր նավը Ճապոնական ծովում մասնակցելու է Հյուսիսային Կորեայի սպառնալիքների կանխարգելման շրջանակներում Հարավային Կորեայի հետ ծովային վարժանքներին։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Փհենյանը բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել Հարավային Կորեայի հետ սահմանային պոլիգոնից։