211652_close_icon

Լոռու մարզում ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են Վանաձորում 28-ամյա տղամարդու մահվան դեպքով վիճաբանության կասկածյալներից մեկին. ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց. պարզվել է դեպքի վայրը, մասնակիցների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count40663 դիտում article-date 12:28 11-03-2025
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանի, Վահե Մուշեղյանի, Լոռու մարզային քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքայի ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հետ՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ պարզել են Վանաձորում մարտի 9-ին տեղի ունեցած սպանության հանգամանքները, մասնակիցների ինքնությունը և դեպքի վայրը:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ օրը ժամը 03:40-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ 28-ամյա Արտյոմ Նիազյանի դին:  

Պարզվել է նաև, որ այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում Ա. Նիազյանը իր մտերիմ, Ալավերդի քաղաքի բնակիչ 27-ամյա Գրիգոր Հակոբյանի հետ գնացել են Վանաձոր քաղաքի «Դեղձանիկ» ակումբի մոտ, որտեղ հանդիպել են իրենց ընկեր, Ալավերդի քաղաքի բնակիչ 22-ամյա Արման Միկոյանին, ապա մտել են նշված ակումբ, որտեղ էլ ժամը 03:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և այնտեղ գտնվող, Վանաձորի բնակիչներ 33-ամյա Դավիթ Ղազարյանի և 40-ամյա Արմենակ Մկրտչյանի հետ: 

Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է Վանաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմացի հատվածում, որը վերածվել է ծեծկռտուքի ու ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Ա. Մկրտչյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Ա. Նիազյանի կրծքավանի շրջանին, ապա կռվի բոլոր մասնակիցները դիմել են փախուստի, իսկ Ա. Միկոյանը «Toyota» մակնիշի ավտոմեքենայով մահացածի մարմինը տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն մարտի 10-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ կասակծյալներից Ա. Մկրտչյանը թաքնվում է Վանաձոր քաղաքի իր ընկերոջ՝ 35-ամյա Բագրատ Ասոյանի տանը: 

Ոստիկանները այցելում են նշված հասցե և դուռը բացում է Բ. Ասոյանը, ում ձեռքին ոստիկանները նկատում են դանակ: 

Վերջինս սկսում է ոստիկանների նկատմամբ ագրեսիվ վարաքագիծ դրսևորել ու հարձակվում է նրանց վրա՝ փորձելով հարվածել ոստիկանության ծառայող 38-ամյա Տարոն Այվազյանին: 

Վերջինս, վտանգելով իր կյանքը, կարողանում է վնասազերծել Բ. Ասոյանին: 

Վնասազերծման ընթացքում Բ. Ասոյանը դանակով հարվածում է  ոստիկանության ծառայողի աջ ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից հետո վիրավոր ոստիկանը տեղափոխվում է «Վանաձոր» բժշկական կենտրոն: 
 
Բ. Ասոյանը տեղափոխվում է ոստիկանություն, որտեղից էլ ներկայացվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ ձերբակալվում է: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 9-ին առեղծվածային մահվան դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձի կողմից մահացած վիճակում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի։

Հիվանդանոց էր մեկնել Լոռու մարզի քրեական ոստիկանության պետ Խորեն Բարխոյանը։ 

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ  Դավիթ Ղազախեցյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արտյոմ Ն.-ն է, ով կրծքավանդակի հատվածում ունի կտրած-ծակած վերք և ըստ նախնական տեղեկությունների դեպքը տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Արցախի պուրակի հարևանությամբ գտնվող «Երևան Սիթի»-ի մոտ։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր