211652_close_icon
views-count2587 դիտում article-date 15:38 04-05-2017

«ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ» բարեգործական ծրագրի շրջանակներում Վանաձորի սննդի խոշոր խանութներում տեղադրված գանձանակների ողջ հասույթն ուղղվում է կարիքավոր ընտանիքներին

Ձեռք մեկնիր բարեգործական ծրագիրը Լոռու մարզի և ի մասնավորի Վանաձոր քաղաքի այն հիմնական բարեգործական ծրագրերից է, որից ամեն տարի օգտվում են հարյուրավոր կարիքավոր ընտանիքներ: Ծրագիրն իրականացնում է թեմի սոցիալական բաժինը:Այս մասին տեղեկացնում է Դիվան Գուգարաց թեմի մամլո դիվանը։ Նախորդ տարիների փորձառությանը՝ այն է, սննդի, հագուստի խանութներից մթերք ու հագուստ և դրամահավաքի միջոցով գումար հավաքելուն այս տարի ավելացավ նաև սննդի խոշոր խանութներում գանձանակների տեղադրումը, որից հավաքված գումարը ամբողջապես ուղղորդվում է խիստ կարիքավոր ընտանիքներին: Հավաքված գումարին գնվում է սնունդ, ըստ անհրաժեշտի վճարվում են նախապես ընտրված և ուսումնասիրված ընտանիքների կոմունալ վարձավճարներ կամ գնվում դեղորայք: Այս տարի ծրագրով արդեն աջակցություն են ստացել Սուրբ Ծննդյան տոնին 80 և օրերս նաև Սուրբ Զատիկի տոնին՝ 30 ընտանիք: Ծրագիրը, ամեն տարվա պես կրում է շարունակական բնույթ և քանի որ արդեն հնարավոր է խանութներում շուրջտարյա սկզբունքով տեղադրված գանձանակներից պարբերաբար օգտվել, ապա հնարավոր է նաև շուրջտարյա օգնություն ցուցաբերել բազմաթիվ ընտանիքների: «Ձեռք մեկնիր» ծրագիրը անընդհատ աճում և զարգանում է, ընդգրկելով օգնության ավելի մեծ մասշտաբներ և կարիքավոր ընտանիքներին ցուցաբերելով ավելի հիմնարար օգնություն: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախաձեռնությամբ` այս ծրագիրը իր առաքելությունը շարունակեց նաև որպես «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագիր և իր վրա վերցրեց Վանաձորի և արդեն նաև մարզի տնակային ավանների խիստ կարիքավոր, բազմազավակ ընտանիքների համար բնակարանների գնման դժվարին բեռը: Այսօր ծրագրով, Սրբազան Հոր ջանքերով բնակարանամուտ են տոնել 13 ընտանիքներ: «Ձեռք մեկնիր» ծրագրի մեկ այլ շարունակությունն է դարձել նաև թեմի համայնքային զարգացման կենտրոնի հիմնումը, որով արդեն 2-րդ տարին է այս ընտանիքների երեխաները և նրանց ծնողները հնարավորություն են ստացել օգտվել կենտրոնում գործող սոցիալ հոգեբանական աջակցությունից և ձեռք բերել մասնագիտական կարողություններ ու հմտություններ՝ երեխաները համակարգչային ծրագրավորման, իսկ ծնողները՝ կարուձևի արհեստի ոլորտներում: Որոշները կենտրոնի աջակցությամբ ձեռք են բերել նաև աշխատանք: Այս ամենին զուգահեռ՝ ծրագիրն իրականացնող թիմը լի է նորանոր նախաձեռնություններով և հույս են հայտնում, որ սա «Ձեռք մեկնիր» ծրագրի սկիզբն է միայն…

Նմանատիպ նյութեր