211652_close_icon
views-count2186 դիտում article-date 14:58 23-05-2017

ԴԱՀԿ-ում քննարկվել են երեխաների տեսակցության և հանձնման բնույթի կատարողական վարույթներին առնչվող հարցեր

Այսօր՝ մայիսի 23-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայությունում, որին մասնակցել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդականը, Ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային բաժինների մի քանի պետեր: Աշխատանքային խորհրդակցության օրակարգում էին ալիմենտի բռնագանձման, երեխաների հետ տեսակցության և հանձնման հետ կապված կատարողական վարույթներով ի հայտ եկող խնդիրները, կատարողական գործողությունների իրականացման ընթացքում ծագող հարցերը: Արմեն Հարությունյանին են զեկուցվել վերոնշյալ կատարողական վարույթներով անհրաժեշտ խորհրդատվություն ու մասնագիտական օժանդակություն տրամադրող, ինչպես նաև նմանատիպ կատարողական վարույթներով միանման իրավակիրառ պրակտիկա ապահովելու նպատակով՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով ոչ վաղ անցյալում ստեղծված աշխատանքային խմբի գործունեության արդյունքները: Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ հոգեբանների ներգրավումը նման բարդ և նուրբ լուծում պահանջող կատարողական վարույթներում, միանշանակ, տալիս է իր դրական արդյունքները: Այս գործընթացը լինելու է շարունակական՝ միաժամանակ ապահովելով կատարողական վարույթի կողմերի իրավունքների ու շահերի լիակատար ապահովումը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև իրավակիրառ պրակտիկայում հանդիպող որոշ հարցեր, որոնց կյանքի կոչման ուղղությամբ անհրաժետ է գործող օրենսդրության կատարելագործում, ինչպես նաև առաջադրվել են այդ հարցերի լուծման հնարավոր գործնական մեխանիզմներ: Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարականներ է տվել Ծառայության համապատասխան իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին:

Նմանատիպ նյութեր