211652_close_icon
views-count2339 դիտում article-date 13:16 06-06-2017

Մեկնարկել է Ագարակ-2 և Շինուհայր ենթակայանների շինարարությունը

Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ներդրումային ծրագրի շրջանակներում մեկնարկել են «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման շինարարական աշխատանքները։ Էներգահամակարգի համար կարևոր նշանակություն ունեցող այս ենթակայանների վերակառուցումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր աժեքը 31,9 մլն դոլար է։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է չինական Liaoning-EFACEC Electrical Equipment Co. LTD և Northeast China International Electric Power Corporation համատեղ ձեռնարկությունը։ «Շինուհայր» 220 կՎ ենթակայանը նախորդ տարիներին Համաշխարհային բանկի աջակցությամբ մասնակիորեն վերակառուցվել է, փոխարինվել են առաջնային 220 կՎ լարման սարքավորումները, սակայն երկրորդային շղթաները, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները հնացած են, չեն բավարարում հուսալի ու անվտանգ էլեկտրաէներգիայի հաղորդման պահանջներին և ենթակա են վերազինման։ Նշենք, որ ենթակայանը կառուցվել է 1961 թ.: Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագրի շրջանակներում «Ագարակ-2» ենթակայանում, որն անմիջականորեն կապված է իրանական ցանցի հետ, նախատեսվում է տեղադրել լրացուցիչ 220/110 կՎ ավտոտրանսֆորմատոր։ Դրանով էներգահամակարգի տվյալ հատվածում կապ կստեղծվի 220 և 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի միջև և հնարավորություն կտա «Ագարակ-1» ենթակայանից սնվող սպառողներին ապահովել էլեկտրաէներգիայի պահուստային սնուցմամբ։ «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների արդիականացումն ու վերակառուցումը կնպաստի էներգետիկ անվտանգության և էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, նվազագույնի կհասցնի էլեկտրահաղորդման կորուստները։ Ենթակայանների վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2019թ.:

Նմանատիպ նյութեր