211652_close_icon
views-count2836 դիտում article-date 18:18 20-06-2017

Չեմ կարծում, որ պարոն դեսպանի նեղացած հայտարարությունները, կարող են խանգարել ՀՀ-ԵՄ հարաբերություններին. Շարմազանով. tert.am

Դիվանագետի համար նեղացկոտությունը քաղաքական կատեգորիա չպետք է լինի. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի՝ ՀՀ իշխանություններին ուղղված հայտարարությանը, որ եթե իրենց աջակցությունն այլևս ցանկալի չէ, չեն պարտադրի իրենց ներկայությունը: «Դիվանագետը պետք է զբաղվի լուրջ քաղաքական գործունեությամբ, թե չէ ի՞նչ է նշանակում՝ եթե պարտադիր չէ. ՀՀ իշխանության ներկայացուցիչները՝ և՛ Դավիթ Հարությունյանը, և՛ ես, հստակ և նորմալ գնահատական ենք տվել, առանց որևէ մեկին վիրավորելու, բայց եթե պարոն Սվիտալսկիի մոտ նման տպավորություն է, դա իր խնդիրն է»,-ասաց նա: Շարմազանովի խոսքով՝ Եվրամիության հետ ՀՀ-ն արդյունավետ համագործակցում է և շարունակելու է համագործակցել: «Ինչ վերաբերում է մեր գնահատականներին, ապա այո, ևս մեկ անգամ կրկնում եմ, որ պարոն Սվիտալսկին իր հայտարարության մեջ շատ ավելի արդարացի կլիներ, եթե ներկայացներ ընտրական գործընթացում առկա դրական տեղաշարժերը, նաև ԿԸՀ-ի մասնակցությամբ, այլ ոչ թե զբաղվեր հայաստանյան ներքաղաքական կյանքի վերլուծությամբ կամ գնահատականներ հնչեցնելով»,-ասաց նա: ԱԺ փոխնախագահը շեշտեց, թե նախ դա ցանկանալով կամ չցանկանալով չէ: «ՀՀ-ԵՄ հարաբերությունները Շարմազանովը և Սվիտալսկին չեն, ոչ էլ Հարությունյանը և Սվիտալսկին: Մենք իրավահավասար սուբյեկտներ ենք, որոնք շատ լավ, նորմալ աշխատում են, և կարծես պարոն Սվիտալսկին իրականացնում է ոչ դիվանագիտական հայտարարություն՝ նշելով իր նեղացածության կամ ցանկությունների մասին: Ես կարծում եմ, որ ավելի արդարացի կլիներ, որ հարգարժան պարոն դեսպանը ՀՀ-ի գործընկերների գնահատականների վերլուծություն իրականացներ, այլ ոչ թե նեղացածության կեցվածք ընդուներ»,- ասաց նա: Էդուարդ Շարմազանովը նկատեց, թե ԵՄ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: «Մենք շատ դրական ենք գնահատում ԵՄ-ի օժանդակությունը ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումների և ժողովրդավարության զարգացման առումով»,- ասաց նա: Հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում սպասվող ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը չեղարկվի կամ խնդիրներ ստեղծվեն նման հայտարարությունից հետո, Շարմազանովը պատասխանեց, թե չի կարծում: «ՀՀ-ԵՄ հարաբերությունները դրական առումով զարգանում են, դրա մասին խոսել է նաև ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը և նշել, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախաստորագրված է, և մենք նոյեմբերին կստորագրենք: Հայկական կողմն իր պարտականությունները կատարել է և շահագրգռված է ԵՄ-ի հետ ունենալ նորմալ, բարեկիրթ, փոխշահավետ հարաբերություններ՝ ի շահ ժողովրդավարության, ի շահ երկու երկրների հարաբերությունների զարգացման: Չեմ կարծում, որ պարոն դեսպանի նեղացած հայտարարությունները, որոնք ըստ իս դիվանագիտական չեն, կարող են խանգարել»,- ասաց նա: Դիտարկմանը, թե կարելի՞ է ենթադրել, որ նման կոշտ հայտարարությունը բխում է «ով վճարում է, նա էլ պատվիրում է» սկզբունքից, Շարմազանովը պատասխանեց. «Քաղաքական գործընթացներն ու քաղաքական հարաբերությունները հարսանիք չեն, որ ով փող վճարի, նա էլ պատվիրի, նման տրամաբանությամբ առաջ չեն շարժվում»: Ամբողջությամբ՝ [url=http://www.tert.am/am/news/2017/06/20/sharmazanov-eduard/2407898]tert.am[/url] կայքում:

Նմանատիպ նյութեր